Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
17:08 - 29 օգոստոսի, 2024

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, և մեր երկիրը կարևորում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ քաղաքական կամքի մասին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:

Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել