civilnet.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակում լիարժեք գործընկերությունը կվերականգնվի: Այս մասին սեպտեմբերի 4-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա կարծիքով՝ գործընկերության վերականգնումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի շահերից:
«Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան և իրավունքը, և պարտավորությունները։ Հայաստանի ղեկավարությունը նման փոխգործակցությունից հեռանալու գիծ է որդեգրել, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով հայ պաշտոնյաների հայտարարություններին, նա ասել է, որ բառախաղը լավ տեղ չի տանի․ «Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցված են։ Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև պետք է լինի պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար»։
2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։
2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։
Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։
2024-ի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը սառեցնելու մասին, հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: Հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս չէր բացառել, որ հետագայում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ը:
comment.count (0)