Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
10:14 - 10 սեպտեմբերի, 2024

Արցախի խորհրդարանի ղեկավարն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն արձագանքել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին։

«Արցախի ԱԺ պատգամավորները, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք: Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ»,- ասված է Բաղունցի հայտարարությունում։

Նա հիշեցնում է, որ Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։

Ալեն Սիմոնյաննը Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ի նիստին, պատասխանելով Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը վերականգնելու հարցին, ասել էր․ «Երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկն այլևս չունի։ Ես չգիտեմ՝ ում հետ պետք է քննարկում անցկացնեմ հավանական նիստին»։ Խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ հարկավոր է ոչ թե վերականգնել, այլ չեղարկել այդ ձևաչափը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել