tert.am: ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև առաջին հեռուստաբանավեճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած բանավեճը կարող է միակը լինել, քանի որ Թրամփն ու Հարիսն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ ևս մի նմանատիպ հանդիպում անցկացնելու շուրջ։
Ինչպես Թրամփ-Բայդեն հեռուստաբանավեճի ժամանակ, այնպես էլ այս անգամ հանդիպմանը հանդիսատեսներ ներկա չեն եղել, սակայն ի տարբերություն նախորդի, Թրամփ-Հարիս բանավեճը մեկնարկել է ընդդիմախոսների ձեռքսեղմումով։
Բանավեճի ընթացքում ընդդիմախոսներն անդրադարձել են տարբեր թեմաների, այդ թվում՝ Ուկրաինայի հարցին, Պուտինի կողմից «աջակցությանը», Միացյալ Նահանգներում առկա տնտեսական ու միգրացիոն խնդիրներին և այլն։ Նրանք փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով։
Խոսափողը միացված է եղել միայն տվյալ պահին ելույթ ունեցողի մոտ։ Ելույթի համար կողմերին տրամադրվել է երկու րոպե ժամանակ, ևս երկու րոպե՝ հարցին պատասպանելու համար, ինչպես նաև հավելյալ մեկական րոպե՝ պարզաբանումների համար։ Հեռուստաբանավեճը տևել է 1,5 ժամ, որի ընթացքում Թրամփը խոսել է 42 րոպե, Հարիսը` 37: Թեկնածուներին արգելվել էր հուշաթերթիկներ բերել, բանավեճի ընթացքում խորհրդակցել թիմի հետ և միմյանց հարցեր տալ․ նման իրավունք ունեին վարողները։
Հեռուստաբանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ այն լավագույնն էր իր քաղաքական կարիերայի ընթացքում։
«Կարծում եմ՝ սա երբևէ իմ լավագույն բանավեճն էր, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այն անցկացվեց երեքն ընդդեմ մեկի ձևաչափով», - գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում:
comment.count (0)