Թուրքիայում ևս գիտակցում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը շահավետ է․ Գարո Փայլան |armenpress.am|
15:35 - 11 սեպտեմբերի, 2024

Թուրքիայում ևս գիտակցում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը շահավետ է․ Գարո Փայլան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի բնորոշմամբ՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական բնակավայրերում բնակիչները ցանկանում են, որպեսզի սահմանը բացվի, քանի որ հասկանում են, որ դա իրենց համար ձեռնտու է։  

Գարո Փայլանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ։  

«Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող թուրքական քաղաքներն ու բնակավայրերը շատ աղքատ են։ Հետևաբար, այդ քաղաքները սպասում են, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ դա նրանց ձեռնտու է։ Թուրքիայի ներսում այլ տեղերում ևս հասկանում են, որ սահմանների բացումն օգտակար կլինի, և այդ առումով որոշակի ճնշում կա Էրդողանի վրա», - ասաց Փայլանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը հաշվարկում է, թե ո՞ր տարբերակն է իր համար առավել շահավետ․ եթե սահմանի բացման դեպքում շահերը կորուստներից շատ են, ապա նա կբացի սահմանը, իսկ եթե կորուստներն ավելի շատ են, քան օգուտներն, ապա սահմանը չի բացի։ 

Փայլանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էրդողանը կողմնակից էր հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց հիմա, դժբախտաբար, այդպես չէ։ «Արևմուտքի երկրները փորձում են Էրդողանին համոզել, որպեսզի սահմանները բացվեն, իսկ կառուցվելիք ճանապարհները և հաղորդակցային ուղիները օգտագործվեն տարածաշրջանային երկրների կողմից»,- ասաց նա։ 

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ Գարո Փայլանը նշեց․ «Հիմա, դժբախտաբար, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նորմալ չեն։ Երկու կողմերն էլ խնդիրներ ունեն, Թուրքիան Հունաստանի հետ էլ խնդիրներ ունի, բայց նրանց սահմանները բաց են, առևտուր կա նրանց միջև, զբոսաշրջիկների հոսք կա, ունեն նաև դիվանագիտական հարաբերություններ։ Անշուշտ, Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները չեն ավարտվի, սակայն նախ պետք է սահմանները բացվեն և հետո կողմերը սկսեն այդ խնդիրները լուծել»։

Փայլանի բնորոշմամբ՝ Թուրքիայի նախագահն օպորտունիստ է և առաջին հերթին իր շահերն է առաջ մղում․ Էրդողանին չի հետաքրքրում, թե աշխարհի մյուս վայրերում ինչ է կատարվում, նրան հետաքրքրում է, թե որտեղից կկարողանա առավել մեծ շահ ստանալ։ 

Նրա դիտարկմամբ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բանալի է հանդիսանում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման տեսանկյունից։

«ԱՄՆ-ն, Եվրամիությունը պետք է Էրդողանի հետ խոսեն, որպեսզի վերջինս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզի, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության պայմանագիրը Հայաստանի հետ», - ասաց Փայլանն՝ ընդգծելով, որ դրա ժամանակը հենց հիմա է։ 

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ Փայլանը նշեց․ «Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալապաշտ է, որովհետև նա՝ որպես ավտորիտար երկրի ղեկավար, մտածում է՝ եթե խաղաղություն հաստատի Հայաստանի հետ, դրանից հետո կկորցնի իր թշնամուն՝ ի դեմս Հայաստանի։ Սա Ալիևի ամենամեծ վախն է, քանի որ խաղաղության հաստատումից և ժողովուրդների միջև շփումներից հետո ադրբեջանցիները նրան հարցնելու են, թե ինչո՞ւ են հայերը հարստանում, իսկ իրենք այդքան աղքատ ապրում»։ 

Փայլանի կարծիքով՝ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար Ադրբեջանին պետք է ճնշման ենթարկեն ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս ուժերը։ Այդուհանդերձ, Գարո Փայլանը նկատեց, որ Էրդողանն էլ Ալիևի նման է և արհեստական կամ մտացածին թշնամիներ ունենալու կարիք ունի։ 

Անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը և միջոցառման նշանակությանը՝ Փայլանը նկատեց, որ դրա կարևորությունը նրանում է, որ կոնֆերանսի շրջանակներում հավաքվել են բազմաթիվ մարդիկ, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ։ Նրա դիտարկմամբ՝ միջոցառումը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ դրա շրջանակներում խոսվում է ապագա կառուցելու մասին։ 

Փայլանի բնորոշմամբ՝ դժբախտաբար, Հայաստանն այնքան ուժեղ չէ, սակայն այդ ուժը կարող է գալ ապագայից և ապագայի մասին խոսելուց։ 

«Հայաստանին անհրաժեշտ է ավելի ուժեղացնել տնտեսությունը, դիվանագիտությունը, համալսարանները՝ կառուցելու համար ավելի զորեղ երկիր», - նշեց նա՝ այդ հարցում կարևորելով «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսի նման միջոցառումների նշանակությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել