tert.am: Իրանը վճռական է «Զանգեզուրի միջանցքի» հարցում և մտադիր չէ զիջել։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրությունում, որը հրապարակվել է թելեգրամյան ալիքում:
«Որպես տարածաշրջանային տերություն՝ Իրանը տասնամյակների ընթացքում ապացուցել է իր վճռականությունը, այդ թվում՝ հաղթելով Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պատերազմում: Իրանը հստակ ցույց է տվել, որ ոչ մի արտաքին ուժ՝ լինի դա քաղաքական, թե ռազմական ճնշում, ի վիճակի չէ թուլացնել իր ազդեցությունը։
Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու ցանկացած փորձ՝ շրջանցելով Իրանի շահերը, կբախվի ուժեղ դիմադրության: Երկիրը կշարունակի պաշտպանել իր դիրքերը քաղաքական և ռազմավարական բոլոր հարցերում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալու պատճառով Իրանի և ՌԴ-ի միջև առկա տարաձայնությունները:
«ԶԼՄ-ներում շրջանառվող զրպարտչական մեղադրանքներն իբրև թե տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, ՀՀ-ի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնալիքների վերաբերյալ, իրականության հետ կապ չունեն»,- ասել է Զախարովան:
comment.count (0)