Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, ՍԴ նախագահը սահմանազատման հարցով կանոնակարգի մասին |armenpress.am|
12:09 - 24 սեպտեմբերի, 2024

Եթե խնդիր տեսնենք, կարձանագրենք, ՍԴ նախագահը սահմանազատման հարցով կանոնակարգի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանում մեկնարկել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ եթե կա միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց ՍԴ-ի կողմից այն չի վավերացվում, ապա այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։

«Սահմանադրական դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասո՞ւմ է կանոնակարգը սահմանադրությանը, թե՞ չի հակասում; Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի։ Մի քանի րոպեից կսկսի դատաքննությունը, հետո կգնանք խորհրդակցությունների սենյակ և որոշ ժամանակ անց որոշումը կհրապարակվի։ Եթե խնդիր տեսնենք, մի կասկածեք՝ խնդիրը կարձանագրենք։ Եթե խնդիր չտեսնենք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նշեց Դիլանյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը ապօրինի է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանը պատասխանեց, որ այս պահին գնահատականներ չի հնչեցինի։

«Եթե այդ հարցը գա Սահմանադրական դատարան, մենք մեր գնահատականը կասենք»,- հավելեց նա։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն իր հերթին նշեց, որ խնդիրներ տեսնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հետ կապված։

«Դա կբարձրաձայնեմ խորհրդակցական սենյակում»,-եզրափակեց Թովմասյանը։

Սույն գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ 

Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել