1lurer.am: Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: Միխայիլ Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար:
Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին: Այդ կապակցությամբ Փեզեշքիանն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում երկրների համագործակցության կարևորությունը:
Միշուստինը հանդիպել է նաև Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր:
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու, դրան նոր բովանդակություն հաղորդելու հարցում»,- ասել է Միշուստինը։
Իրանի փոխնախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ վիճելի հարցերը լուծել փոխգործակցությամբ ։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
comment.count (0)