«Գրիգոր Մինասյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ՔՊ ստորագրահավաքը իմպիչմենտ չէր ենթադրում»․ Լուսինե Բադալյան
 |aravot.am|
13:09 - 01 հոկտեմբերի, 2024

«Գրիգոր Մինասյանն ազատվել է իր դիմումի համաձայն, ՔՊ ստորագրահավաքը իմպիչմենտ չէր ենթադրում»․ Լուսինե Բադալյան |aravot.am|

aravot.am: «Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն իրավունք ունեն իրենց վերաբերմունքը հայտնել կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ։ Գրիգոր Մինասյանը բացարձակապես չի տարբերվում կառավարության մնացած անդամներից, այսինքն՝ յուրահատուկ բան պետք չէ այդտեղ փնտրել, որ Գրիգորի Մինասյանի հետ կա որեւէ խնդիր»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականին։ 

Նա նշեց, որ վեց տարին բավարար ժամանակ է, որպեսզի պատգամավորերը կարողանան հաշվետվություն պահանջել կառավարության բոլոր անդամներից։ «Ուզում եմ ասել՝ այստեղ որեւէ անձնական խնդիր չկա։ Գրիգոր Մինասյանն այսօր ազատվել է իր դիմումի համաձայն, նախարարն իր դիմումի համաձայն է հրաժարական ներկայացրել»,- ասաց նա։

Լրագրողները հիշեցրին, որ ՔՊ-ի ստորագրահավաքից հետո է նա հրաժարական ներկայացրել։ Լուսինե Բադալյանն արձագանքեց․ «Ես շատ ցավում եմ, որ ստորագրահավաքի փաստը դուրս եկավ, որովհետեւ դա խմբակցության ներքին խնդիրն է, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենտ կամ հարցապնդում։ Մենք ունենք ներքին պայմանավորվածություններ, եթե որոշակի քանակով պատգամավորներ խնդիր ունեն կառավարության մեկ անդամի հետ կապված․․․ Չեմ ուզում այդ մասին խոսել ուղղակի։ Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին երկու տարվա ընթացքում մենք մեր առջեւ դրված խնդիրներն ու խոստումները չենք կարողացել իրականացնել, ապա դրա համար պիտի պահանջենք պատասխանատվություն»։

Հարցին, թե ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կպահանջի՞՝ հաշվի առնելով, որ նա 2021 թվականին իշխանությունը ստանձնեց անվտանգային խոստումներով, բայց այդ խոստումները չպահեց, Լուսինե Բադալյանը պատասխանեց․ «Ասենք՝ դուք լուրջ կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւս պահանջելո՞ւ ենք, իհարկե, ոչ»։ 

Նա ասաց, որ այլ նախարարների աշխատանքից եւս դժգոհ են ՔՊ-ում․ «Ինձ ավելի հեշտ է ասել ումից եմ գոհ, քան թվարկել բոլորին, ումից դժգոհ եմ»։

Ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը հարցին պատգամավորը պատասխանեց․ «Շատ տհաճ է հնչում, թե ով է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, որովհետեւ թիրախի մասին չէ։ Եթե որեւիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ․․․ Սա արդեն կուտակված խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել