armenpress.am: Հայաստանն ինքը պետք է երաշխավորի իր անվտանգությունը, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ նաև վարած քաղաքականությամբ:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին:
Վարչապետը վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է ոչ թե կոմպլեմենտար, այլ հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
Անդրադառնալով տարածաշրջանին՝ Փաշինյանը ընդգծեց. «Երբ 3+3 ձևաչափով մեր մասնակցության հարցն էր որոշվում, և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք, այդ որոշումը լրջորեն քննադատվեց: Բայց ես կարող եմ հիմա արդեն վստահաբար ասել, որ դա շատ ճիշտ որոշում էր՝ մասնակցել 3+3 հարթակում քննարկումներին: Եվ դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է նշում»:
Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշեց, որ այդ հարաբերությունները բնականոն են: «Այդ հարաբերությունները քաղաքական որոշման արդյունք և հետևանք չեն: Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք: Այդքանով այդ հարաբերությունների համատեքստն ընդգծվում և ուժեղանում է: Նույնը կարող ենք ասել Վրաստանի հետ մեր հարաբերությունների մասին»,- նկատեց նա:
Վարչապետը հավելեց նաև, որ կառավարության քաղաքականություններն ուղղված են նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն:
Անդրադառնալով հարցին, թե անվտանգային խնդիրն ինչպես են լուծելու՝ նա ասաց. «Մենք չենք նկատել, որ մեր անկախության մի մեծ մասի ընթացքում մենք ինչքան արտաքին քաղաքականության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին, ինչքան կառավարության բեռ կա, դրել ենք զինվորի ուսերին: Այդպես չի լինում: Եվ կոմպլեմենտարիզմն էլ եղել է անվտանգության մեր երաշխիքը: Անվտանգության մի երաշխիք կա, դա խաղաղությունն է, որ քո հարևանների հետ բնականոն, նորմալ հարաբերություն ունենաս, անվտանգության ուրիշ երաշխիք չկա: Շատ խոսվում է նաև արտաքին երաշխավորությունների մասին: Գոնե այսքանից հետո մենք պետք է դրան չհավատանք: Մեր անվտանգությունը մենք պետք է երաշխավորենք, բայց ոչ միայն զինվորով ու բանակով, այլ մեր քաղաքականությամբ, մեր տնտեսությամբ, մեր սոցիալ-հոգեբանությամբ, մեր խոսքով, մեր սադրանքներին տրվել–չտրվելու մեր հմտություններով»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը կարծում է, որ կառավարությունը ճիշտ ռեսլերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարում: «Մենք չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց նաև որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»,- հավելեց նա:
comment.count (0)