Լիբանանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի ձեռնարկում Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար |news.am|
11:25 - 10 հոկտեմբերի, 2024

Լիբանանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի ձեռնարկում Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար |news.am|

news.am: Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին լուրջ անհանգստություն է արտահայտել լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Asharq Al-Awsat պարբերականին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ միջազգային միջնորդներին չի հաջողվում կասեցնել իսրայելական պատերազմը։

«Դեռևս դրական արդյունք չկա, դեռ զգում ենք ֆրանսիացիների աջակցությունը»,- ասել է խոսնակը։ «Սակայն ինչ վերաբերում է ամերիկացիներին, նրանք ասում են՝ իբր մեզ հետ են և հրադադար են ուզում հաստատել, բայց Իսրայելի ագրեսիան կասեցնելու համար ոչինչ չեն ձեռնարկում»:

Բերին հայտնել է, որ ինչպես 2006-ին հարավային Լիբանանում տեղի ունեցած հակամարտության ժամանակ, նա իրավասու է բանակցել զինված շիական «Հըզբոլլահ» կազմակերպության անունից։ «Ես անում եմ նույնը, ինչ արել եմ 2006 թվականին, ես պատասխանատու եմ քաղաքական բանակցությունների համար, այս մանդատի մեջ ոչ մի նոր բան չկա»,-նշել է նա։

Իր հերթին, հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին հաստատել է, որ «արաբական և միջազգային ջանքերը չեն դադարել և դեռ շարունակվում են»։ Սակայն նա նշել է, որ «Իսրայելական կամակորությունը խանգարում է այդ ջանքերի հաջողությանը»: «Ոմանք շտապում են եզրակացություններ անել, որ դիվանագիտական ​​ջանքերը դադարել են, և կա Իսրայելի գործողությունների լռելյայն հաստատման նման մի բան»,-նշել է վարչապետը: -Բայց այդ տպավորությունը ճիշտ չէ, քանի որ մենք շարունակում ենք անհրաժեշտ շփումները»։

Միքաթին ընդգծել է, որ Լիբանանի բարեկամ պետությունները պնդում են հրադադարի մասին որոշակի ժամկետով քննարկելու համար քաղաքական քայլեր, որոնցից ամենագլխավորը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարումն է և ստիպելը, որ իսրայելական հակառակորդը հետևի այդ բանաձևին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել