civilnet.am: Արդեն 17 օր է՝ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) չունի դատավոր։ Դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է սեպտեմբերի 30-ին։ ՄԻԵԴ դատավորի ընտրությունն իրականացվում է ներազգային և միջազգային մակարդակում։ Պետության ներսում ստեղծվում է հանձնաժողով, որը ստանում է հայտեր, իրականացնում հարցազրույցներ, այնուհետև առանձնացնում պետության թեկնածուներին։ Հայաստանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնց մասին պետք է նախ Եվրոպայի խորհրդի դատավորների ընտրության խորհրդատվական հանձնաժողովը կարծիք հայտնի, այնուհետև ԵԽԽՎ-ն իրականացնի դատավորի ընտրությունը: Թեկնածուների ընտրության ընթացակարգը եղել է խնդրահարույց, սակայն ՀԿ-ները, ի տարբերություն 2015-ի համանման ընտրության, մտահոգություն չեն հայտնում։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից փորձեցինք պարզել, թե արդյոք ԵԽԽՎ-ի կամ գործընթացին մասնակից միջազգային այլ կառույցների կողմից հավելյալ հարցեր կամ առարկություններ եղել են։ Ի վերջո արդեն լրացել է ժամկետը, և ՀՀ-ն ՄԻԵԴ-ում դատավոր չունի։
Մենք պատասխան ստացանք, որ հարցումներ ուղղվել են․ «Այդ հարցումները, սակայն, կատարվում են գաղտնապահության սկզբունքով, և դրանց բացահայտումը կխախտի ՀՀ կառավարության՝ նշված սկզբունքի պահպանման պարտավորությունը»։
2023-ի օգոստոսին հաստատվեց թեկնածուների ընտրության հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը, որի կազմում մեծամասամբ դատական, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցչներ են և մեկ ներկայացուցիչ՝ ՀԿ սեկտորից՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը։ Հանձնաժողովի անդամ էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ 2024-ին Հայաստանում սկսվեց ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունը։
Սկզբում փաստաթղթերի ընդունման ու ստուգման փուլն էր, ապա հարցազրույցների։ Այս փուլ անցած անդամները յոթն էին։ Ցանկը հաստատվեց հանձնաժողովի՝ մարտի 16-ի նիստին։ Հարցազրույցի մասնակիցներն էին Հայկ Ալումյանը, Լիզա Գրիգորյանը, Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանը, Արմեն Մազմանյանը, Աննա Մարգարյանը և Վիգեն Քոչարյանը։
Հանձնաժողովը հարցազրույցներն արել է 2024-ի ապրիլի 4-ին և 5-ին։ Հարցազրույցների փուլին, ըստ արձանագրության, չի մասնակցել արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանը չի մասնակցել հավակնորդներից Լիզա Գրիգորյանի հարցազրույցին։ Մեր տեղեկություններով, սակայն, ինչպես Մինասյանը, այնպես էլ Հովհաննիսյանը, գնահատականներ են ներկայացրել։
Հանձնաժողովի աշխատակարգը կանոնակարգվել է ՀՀ վարչապետի 2023-ի օգոստոսի որոշմամբ: Գնահատման թերթիկը բաղկացած է երեք բաժիններից՝
ՍիվիլՆեթը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակին խնդրել էր տրամադրել գնահատման արդյունքները՝ ըստ թեկնածուների։ Ստացանք մերժում՝ «հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը»։
Բարեվարքության գործընթացը ներդրվել ու իրականացվում է դատական իշխանությունում, սակայն, դատելով ՄԻԵԴ թեկնածուների գնահատման չափորոշիչներից, նրանց բարեվարքությունը չի ստուգվել։
Հայաստանի դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կար նաև միջազգային փորձագետ՝ Վիտալի Կասկոն, նաև ազգային փորձագետ։
Տվյալ դեպքում, հանձնաժողովը ոչ միայն նման որակավորված մասնագետ չուներ, այլև որևէ չափանիշ չկար։
Մենք ուսումնասիրեցինք թեկնածուների հարցազրույցները։ Ի դեպ, ոչ բոլոր հարցազրույցներն են հասանելի համացանցում։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացրին, որ ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն՝ իրենք պարտավորված էին հատկացնել տարածք՝ ապահովված հարցազրույցին առցանց հետևելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկական հնարավորություններով: Հետևաբար, վարչապետի աշխատակազմը, ունենալով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին միայն տարածք հատկացնելու և տեսաձայնագրում իրականացնելու տեխնիկանկան հնարավորություններով ապահովելու իրավասություն, հարցազրույցի տեսանյությրի առկայության կամ դրանց հասանելիության առնչությամբ որևէ դիտարկում անել չի կարող:
Մենք հայտնաբերեցինք հարցազրույցներ միայն Iravaban.net-ում ու Pastinfo կայքի յութուբյան ալիքում։
Դրանց վերլուծություններից պարզ է դառնում, որ հանձնաժողովի անդամներից ոչ բոլորն են հարցեր ուղղել թեկնածուներին։ Դրանց մի մասն էլ առնչվում էր ոչ միայն ու ոչ այնքան գնահատման չափորոշիչներին, որքան հանձնաժողովի անդամների անձնական ու մասնագիտական հետաքրքրություններին։
Որպես օրինակ վերլուծել ենք չորս թեկնածուների՝ Աննա Մարգարյանի, Վիգեն Քոչարյանի, Հայկ Ալումյանի և Վահե Գիգորյանի հարցազրույցները կամ դրանցից կտորներ։
Աննա Մարգարյանին հարցեր են ուղղվել անձնական ու մասնագիտական հատկանիշների 9 կետից վեցի վերաբերյալ, Վիգեն Քոչարյանին՝ 4-ի, Հայկ Ալումյանին՝ 5-ի վերաբերյալ, իսկ Վահե Գրիգորյանին՝ 7-ի վերաբերյալ։ Ընդ որում, պետք է նկատի առնել, որ հանձնաժողովի անդամներն ուղիղ չէին մեջբերում գնահատման սանդղակի հատկանիշների տեքստը, այլ սեփական ձևակերպումներն էին տալիս։
Պարզ չէ նաև, թե ինչ սկզբունքով են հանձնաժողովի անդամները գնահատել մասնակիցներին, եթե հարցազրույցի փուլում նրանցից ոչ բոլորին են ըստ գնահատման սանդղակի հարցեր տվել։
Ապրլի 16-ի նիստին հանձնաժողովը միաձայն ընտրել է երեք թեկնածուների։ Այնուհետև ապրիլի 26-ին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը հաստատվել է վարչապետի համապատասխան որոշմամբ։ Նրանք բոլորն այդ պահին դատական իշխանության ներկայացուցիչներ էին։ Նրանցից միայն Վիգեն Քոչարյանն է, որի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում լրացել էր։
Մյուս երկու թեկնածուները ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)