Բայրամովն ու Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանը բողոքել են Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից»

 |factor.am|
11:54 - 23 հոկտեմբերի, 2024

Բայրամովն ու Հաջիևը դեսպանների հետ հանդիպմանը բողոքել են Հայաստանի Սահմանադրությունից ու «ռազմականացումից» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հանդիպում են անցկացրել Բաքվում հավատարմագրված Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է «եղբայրական և բարեկամ մահմեդական երկրների հետ Բաքվի  կապերի հետագա ընդլայնման կարևորությունը», COP29-ի անցկացումը, տարածաշրջանում իրավիճակը, մանրամասն քննարկվել են Հայաստանի հետ կարգավորման գործընթացի հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության այլ հարցեր։ Մանրամասն տեղեկացնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝  Բայրամովը նշել է, որ կողմերն առավելագույն ջանքեր են գործադրում երկկողմ խաղաղ բանակցություններին և գործընթացին նպաստելու համար։

Արդյունքում «զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի որոշակի հատվածի, հատկապես սահմանազատման հարցերի շուրջ, համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ դրույթներ»։ Բայրամովը, սակայն, դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունից՝ պնդելով թե այն, իբր, տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Միաժամանակ նշվել է, որ Նյու Յորքում և Ստամբուլում մանրամասն քննարկումներ են ընթացել  համաձայնագրի մնացած դրույթների շուրջ։ Նա նշել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների պահպանումը, որն ուղղված է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, սպառնում է կայուն խաղաղության կառուցմանն ուղղված ջանքերին։ Նաև ասվել է, որ  Հայաստանի՝ նման քայլերից զերծ մնալու կարևորությունը, ինչպիսին է ռազմականացումը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում էսկալացիայի»,-ասվում է  տարածված հաղորդագրության մեջ։

Խոսելով COP29-ի անցկացման  նախապատրաստման մասին՝ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե իբր «տարբեր անհիմն պատրվակներով փորձ է արվում վարկաբեկել Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքը, անընդունելի ձևով ներառել այնպիսի հարցեր COP օրակարգում, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, «Ադրբեջանը նավթային երկիր է»,  մարդու իրավունքները»։ Նա ասել է, որ նման մոտեցումը անընդունելի է և Բաքուն պատրաստ է այդ հարցերը քննարկել այլ հարթակներում։

«Նշվել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, սակայն Հայաստանի առաջարկած կիսատ խաղաղության համաձայնագիրը անընդունելի է։ Ընդգծվել է խաղաղության պայմանագրի մնացած դրույթների համաձայնեցման կարևորությունը։ Միաժամանակ ասվել է, որ Հայաստանի ռազմականացումը տարածաշրջանում սպառնալիքի աղբյուր է»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել