Օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ կառավարությունը հայտարարեց կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային երկրորդ փուլը։
Դեռ նախորդ տարի՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարությունը հաստատել է Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախագիծը, ըստ որի՝ նոր կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման քարտերի թողարկման եւ սպասարկման գործառույթը իրականացվելու է մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ։ Այդ նպատակով այս տարվա մարտի 12-ին մեկնարկել է մասնավոր ընկերության ընտրության առաջին՝ որակավորման փուլը, հայտ է ներկայացրել 5 դիմումատու`
Գնահատող հանձնաժողովը (կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալ, Միգրացիոն ծառայության, ԱԱԾ-ի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիաների, Արտաքին գործերի նախարարությունների, Կենտրոնական բանկի, ԷԿԵՆԳ-ի, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչները) ուսումնասիրել է հայտերի համապատասխանությունը որակավորման պահանջներին, վերլուծել նրանց ֆինանսական, տնտեսական, տեխնիկական եւ մասնագիտական կարողությունները։ Արդյունքում, որակավորվել են 5 դիմումատուներից առաջին երեքը՝ գերմանական եւ ֆրանսիական ընկերությունների 1-ական կոնսորցիում (երկու կամ ավելի ընկերությունների միավորում) եւ գերմանական 1 ընկերություն։
Ըստ «Պետություն–մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի՝ որակավորման հարցման փուլին հաջորդում է առաջարկի հարցման փուլը, որի ժամանակ որակավորված ընկերությունները ներկայացնում են իրենց առաջարկները՝ ըստ պետության սահմանած չափորոշիչների եւ պահանջների։ Այս փուլի հաղթող թեկնածուն Հայաստանում գրանցելու է իրավաբանական անձ, որն էլ մատուցելու է համապատասխան ծառայությունները։
Կառավարությունն այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի՝ գործածության ավելի քան 10 տարիների ընթացքում քաղաքացիների վատ փորձառությամբ, անձը հաստատող եւ ճամփորդական ժամանակակից եւ անվտանգ փաստաթղթերի օգտագործման ցածր մակարդակով, ինչպես նաեւ ոչ արդյունավետ գործընթացներով եւ վերհանված գործառնական ռիսկերով։ Ըստ այդմ, ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի թվային փոխակերպմանն աջակցելն ու բնակչությանը բարձրորակ ծառայություններ մատուցելն է։
Կնքվելիք պայմանագրի շրջանակը ներառում է անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված առնվազն հետեւյալ ծառայությունները․
Ներկայումս այս գործընթացով զբաղվում են ՆԳՆ առընթեր Միգրացիոն ծառայությունը (ճամփորդական եւ նույնականացման փաստաթղթերի թողարկում), Արտաքին գործերի նախարարությունը (դիվանագիտական անձնագրերի եւ արտերկրում անձնագրերի թողարկում) եւ ԷԿԵՆԳ՝ Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը (նույնականացման քարտերի հավաստագրեր է տրամադրում՝ իսկորոշման եւ էլեկտրոնային ստորագրության համար):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թ․ հունվարի 8-ն է։
Թեմայի շուրջ «Ինֆոքոմը» զրուցել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի հետ։
- Ինչո՞ւ է ի սկզբանե որոշվել այս գործընթացում ներգրավել մասնավոր ընկերության, այլ ոչ թե պետական ինստիտուտը ներսից վերազինել եւ այդկերպ բարեփոխել համակարգը։
- Այդ հիմնավորումը՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, մեծ փաստաթուղթ է, անգլերենով՝ 103 էջ։ Դրանում կան շատ հաշվարկներ, տնտեսագիտական վերլուծություններ, կանխատեսումներ եւ գնահատականներ։ Բայց այն հրապարակման ենթակա չէ։ Ես հիմա շատ ավելի հանրամատչելի կբացատրեմ՝ ինչու է սա ամենահարմար տարբերակը համակարգը մոդեռնիզացնելու։
- Իսկ ինչո՞ւ հրապարակման ենթակա չէ։
- Մենք ունենք ոլորտը կարգավորող իրավական ակտեր, խոսքը «Պետություն-մասնավոր գործընկերության» օրենքի մասին է եւ Կառավարության՝ 2022 թվականի 1183 որոշման, որոնք էլ ծրագրի իրականացումը այդպես են նախատեսում։ Անկախ նրանից՝ ծրագիր կիրականացվի կենսաչափական անձնագրերի ոլորտում, թե բոլորովին այլ, լինում է ծրագրի իրականացման ձեւաչափի վերաբերյալ որոշում։ Տվյալ դեպքում այդ որոշումը կայացվել է Ներդրումային կոմիտեի՝ վարչապետի մոտ տեղի ունեցած նիստում, եւ դրա հիման վրա սկսվել է ուսումնասիրությունը․․․ Տեսեք, ամբողջ ենթակառուցվածքը մի շղթա է՝ տարբեր բաղադրիչներից, որը սկսվում է սերվերային տնտեսությունից եւ ավարտվում է ծառայությունների մատուցման օղակով։ Այստեղ կան մի քանի շերտեր՝ սերվերային տնտեսությունը՝ իր անվտանգային բաղադրիչներով, այնուհետեւ տպագրական մեքենաները, տպագրական տեխնոլոգիաները, նոր սերնդի ենթակառուցվածքը, այնուհետեւ ծրագրային ապահովումը, հետո ֆիզիկական պայմանները, որտեղ ծառայություն է մատուցվում եւ վերջին շղթան՝ մարդկային ռեսուրսները։ Այս բազմաշերտ պրոցեսը մոդերնիզացնելու համար դրանցից յուրաքանչյուրը պետք է հիմնովին փոխել։ Միայն ոստիկանության շենքերից բոլոր գրասենյակները դուրս բերելը եւ արժանապատիվ սպասարկում ենթադրող գրասենյակային պայմաններ ապահովելը, կարող եք ենթադրել, ինչ բեռ կլիներ պետբյուջեի համար։ Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին եւ առհասարակ, սպասարկման որակին, մենք չունենք, այսպես ասած, front desk-ի մշակույթ, եւ դա վերաբերում է պետական ապարատի տարբեր օղակներին։ Յուրաքանչյուր լիազոր մարմին ինքն իր կանոնակարգն է մշակում, թե ինչպես ծառայություններ մատուցել, սրանք բոլորը ունեն, այսպես ասած, հովանոցային կանոնակարգ, որը քաղծառայության բարեվարքության կտորն է։ Բայց բարեվարքությունը շատ ընդհանրական է եւ շատ քիչ է որակյալ ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մեր ոլորտում երբեւէ չի եղել ծառայությունների մատուցման ստանդարտ, այսինքն՝ վարչարարությունը կանոնակարգված է միլիմետրի ճշգրտությամբ, բայց թե ինչպես մատուցենք ծառայությունը, որեւէ կերպ կանոնակարգված չէ։ Եվ դա մի ընթացակարգ գրելու խնդիր չէ, որ շատ հեշտ իրականանալի լինի, այդ ընթացակարգերին նախ պետք է տալ իրավական ուժ, դրանք դարձնել իրատեսական, իսկ իրատեսական դարձնելու համար պետք է լինի կատարողականի գնահատման մեխանիզմ, որը մեր քաղծառայության տրամաբանության մեջ չի տեղավորվում։
- Այսի՞նքն։
- Այսինքն՝ քաղծառայող համարվող front desk-ի աշխատակիցը ե՛ւ աշխատավարձի իմաստով, ե՛ւ մնացած բոլոր իմաստներով նույն պայմաններում է աշխատում, ինչ ոչ սպասարկող անձնակազմը, ոչ մի տարբերություն չկա, թե, օրինակ, գլխավոր մասնագետը գրասենյակային պայմաններում իր հետազոտական աշխատանքն է իրականացնում, թե այդ նույն գլխավոր մասնագետը քաղաքացի է սպասարկում եւ սպասարկող անձնակազմ է համարվում։ Եվ անկախ նրանից՝ տվյալ աշխատակիցը օրվա ընթացքում սպասարկում է 10 թե 110 քաղաքացի, դա ոչ մի կերպ ոչ մի տեղ չի դրսեւորվում, աշխատակիցը չունի ոչ մի մոտիվացիա՝ ավելի բարեհամբույր սպասարկելու կամ ավելի մեծ թվով քաղաքացիներ սպասարկելու կամ ավելի հարթ սպասարկելու համար։ Այդպիսի գործիքակազմ ստեղծելը միայն Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության օղակում հնարավոր չէ, դա ամբողջ քաղծառայության տրամաբանությունը փոխելու խնդիր է․ պետք են ոչ միայն ընթացակարգեր, այլեւ դրանք պահպանելու համար մոտիվացնող գործիքակազմ (օր․՝ կատարողականի հիման վրա գնահատվող աշխատավարձ), դրանք խախտելու համար զսպող գործիքակազմ, որի հնարավորությունը, կներեք, պետությունը չունի։ Սպասարկման ոլորտը ունի իր կանոնները, անկախ նրանից՝ դա պետական ապարատում է, թե մասնավոր։
- Այդ դեպքում ինչպե՞ս է, որ այլ ոլորտներում պետությունն ինքն է այդ սպասարկումը իրականացնում՝ առանց մասնավորի ներգրավման։
- Ես հիմա շատ մերկապարանոց հայտարարություններ չեմ անի, բայց մի ընդհանրական նկատառում․ հենց դրա՝ քաղծառայության ոչ ճկուն ու սահմանափակ կարգավորումների պատճառով է, որ մենք պետական ապարատի որեւէ օղակում չունենք այնպիսի արժանապատիվ որակ եւ ծառայությունների մատուցում, ինչպիսին դուք տեսնում եք, օրինակ, բանկերում կամ հեռահաղորդակցության ընկերությունների կողմից։ Եվ անցնելով հաջորդ՝ ավելի խորքային շերտերին, դա ծրագրային ապահովումն է, դա կենսաչափական համակարգն է, դա սերվերային տնտեսությունն է, դա նոր սերնդի տեխնոլոգիան եւ տպագրական մեքենաներն են։ Դրանցից յուրաքանչյուրը մեզ մոտ ունի տասնյակ տարիների մաշվածություն, օրինակ՝ մեր նույնականացման քարտը տպագրող մեքենաները ունեն երաշխավորված 10 հազար ժամ աշխատանքի ծավալ։ 2 մեքենա են, 2-ն էլ աշխատել են արդեն 18 հազար ժամ, եւ այն խափանումները, որոնք տեղի են ունենում գերօգտագործման եւ հնամաշ ենթակառուցվածքի հետեւանքով, այլեւս վերանորոգման ենթակա չեն․ դրանք գերմանական արտադրության սարքեր են, ազատ շուկայում չեն վաճառվում, վաղուց արտադրությունից դուրս են եկել, եւ շատ մեծ ջանքեր կպահանջվեն մաս առ մաս դրանք փոխարինելու համար։ Դրանց աշխատանքը նույնիսկ առողջական վնաս է պատճառում այդ բաժնում աշխատող մեր աշխատակազմին, որովհետեւ արտանետում է ոչ թույլատրելի նյութեր։
- Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մասնավոր ընկերության տիրույթում են լինելու ե՛ւ ենթակառուցվածքներ նախատեսելը, ե՛ւ ծրագրային ապահովումը, ե՛ւ սպասարկման գործընթացը։
- Ծրագրի նպատակը հենց դա է, որ մասնավորը բերի ենթակառուցվածքը, բայց կառավարումը, պատկանելությունը, հասանելիությունը, հսկողությունը 100 %–ով պետությունն է իրականացնելու։ Սերվերային տնտեսությունը գլխամասային գրասենյակում է լինելու, եւ այնպիսի շենքում, որտեղ տեղակայված կլինի մեր ողջ աշխատակազմը։ Մեր գլխամասի գրասենյակային պայմանները միջազգային ստանդարտներով սերվերային տնտեսություն ունենալուն չեն համապատասխանում, եւ տպագրական տեխնոլոգիան եւս այս շենքում հնարավոր չէ իրականացնել։ Մենք ամբողջ աշխատակազմով տեղափոխվելու ենք նոր շենք, որտեղ կտեղակայվեն ե՛ւ արտադրական պրոցեսները, ե՛ւ սերվերային տնտեսությունը։
- Բայց նաեւ լինելու են անձնագրային գրասենյակներ Հայաստանի տարբեր տարածքներում, ինչպես որ հիմա է, ճի՞շտ է։
- Այո, ըստ չափորոշիչի՝ մասնավորը պետք է յուրաքանչյուր մարզում բացի նվազագույնը 1, իսկ Երեւանում՝ 3 գրասենյակ (վերջնական քանակը, որ չպիտի պակաս լինի 12-ից, ընկերություններն են իրենց առաջարկի մեջ ներկայացնելու,-հեղ․), բայց տպագրությունը իրականանալու է մի կետից՝ Երեւանում, եւ առաքումը նույնպես կազմակերպելու է այդ նույն կետից։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն ունենալու է ծրագրային եւ ֆիզիկական հասանելիություն, այլեւ հենց պետության ենթակայությամբ է գործելու այդ ողջ ենթակառուցվածքը։
- Իսկ ինչու՞ են դիմումատուները միայն արտասահմանյան ընկերություններ։ Ի սկզբանե Հայաստանն է մրցույթն այդպես հայտարարել, թե՞ միայն նրանք են դիմել։
- Ով կցանկանար եւ ով կհամապատասխաներ հրապարակված չափորոշիչներին, կարող էր մասնակցել։ Տեղական շուկայում չկա նմանօրինակ փորձառություն ունեցող ընկերություն, եւ դա ակնհայտ Է։
- Ինչպե՞ս է ընտրվել պայմանագրի գործողության 11 տարի ժամկետը։
- Պետություն-մասնավոր գործընկերության ընդունելի ձեւաչափ է, ավելի կարճ ժամկետում ուղղակի հնարավոր չի լինի իրականացնել օպերացիոն ներդրումները եւ կապիտալ ծախսերը։ Բայց եթե Դուք պայմանագիրը աչքի եք անցկացրել, կարող եք տեսնել՝ ինչքան շատ իրավիճակներում 11 տարին կարող է շատ ավելի կարճ տեւել (նկատի ունի՝ նախատեսված են պայմանագրի կասեցման կամ լուծման դեպքեր-հեղ․)։ Նախկին խմբագրությամբ տեքստում 10 տարի էինք սահմանել, այժմ՝ 11՝ հետեւյալ տրամաբանությամբ՝ 1 տարի՝ կապիտալ ներդրումների համար, 10 տարի՝ եկամուտը գեներացնելու։ Իմ նշած խնդիրների համատեքստում 1-1․5 տարին իսկապես շատ կարճ ժամկետ է ողջ ենթակառուցվածքը բոլոր բաղադրիչներով մոդերնիզացնելու համար։ Մեր գնահատմամբ՝ պետության ռեսուրսով դա մի քանի տարի կտեւեր եւ հսկայական ծանրաբեռնվածություն կլիներ բյուջեի վրա։
- Ազգային անվտանգության տեսանկյունից ռիսկային չէ՞ արդյոք բնակչության անձնական տվյալների այդպիսի մեծ բազան մասնավոր, այն էլ արտասահմանյան ընկերությանը հասանելի դարձնելը։
- Նախ նկատի ունեցեք, որ ծրագրի գնահատման հանձնաժողովի կազմում տարբեր գերատեսչություններից 1-ակական անդամ է ներգրավված, իսկ Ազգային անվտանգության ծառայությունից՝ 2։ Ազգային անվտանգության ռիսկերը կառավարող այլ կարգավորումներ եւս կան առաջարկի հարցման փաստաթղթում, եւ դա հրապարակված է։ Իսկ ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ապա այդ իմաստով մեր գործիքակազմը հիմա շատ թույլ է, իսկ ծրագրի իրականացման արդյունքում մենք կունենանք միջազգային ստանդարտներով տվյալների պաշտպանություն։ Ավելի պատկերավոր նկարագրեմ՝ հիմա մեր բնակչության անձնական տվյալները պաշտպանված են այնքանով, որքանով մեր սպասարկող անձնակազմը վիզուալ նույնականացնում է դիմումատուի՝ բնակչության ռեգիստրում առկա նկարը անձի հետ, իսկ նոր ենթակառուցվածքով արդեն մարդկային գործոնը հավասարեցված է զրոյի, եւ անձի նույնականացումը ամբողջությամբ նորագույն տեխնոլոգիաներով է արվում՝ բիոամետիկ տվյալներ, մատնահետք, աչքի տվյալներ, եւ դրանք կեղծելը կամ անձի ինքնությունը գողանալը գրեթե անհնար է։
- Հարցս ոչ այնքան նույնականացման մասին է, որքան տվյալների արտահոսքի։
- Տվյալների արտահոսքի իմաստով կարող եք ուսումնասիրել տեխնիկական պահանջները, ծրագրային կարգավորումները ներառում են այդ անվտանգային մեխանիզմները։ Բոլոր հարցումները դեպի բնակչության պետական ռեգիստր գնում են Middle way-ի՝ ծրագրային միջանկյալ լուծման միջոցով, որը պարբերաբար դատարկվում է: Այսինքն՝ այստեղ տվյալ չի պահվում, իսկ այն, ինչ պահվում է որպես դիմումների ընդունման շտեմարան, ամբողջությամբ գաղտնագրված է, եւ միայն բողոքների դեպքում կոնկրետ ամսաթվով, ժամով դեպքերը կարող են դուրս բերվել եւ ուսումնասիրվել։
- Այսինքն՝ անձնական տվյալները մասնավոր ընկերությանը մշտապես հասանելի չեն լինելու, բայց երբ քաղաքացին մոտենա, օրինակ, անձնագրի վերաթողարկման համար, այդ բոլոր տվյալները ընկերության հետ միասին են լրացվելու, ճի՞շտ է։
- Այո, բայց անձնագրի տրամադրումից հետո տվյալները գաղտնագրվում են։ Բացի դրանից, նկատի ունեցեք նաեւ այն, որ բնակչության պետական ռեգիստրին ուղիղ հասանելիություն մասնավորը չի ունենալու: Շատ ապատեղեկատվություն կա այն մասով, որ բնակչության պետական ռեգիստրը մասնավորին է տրվում։ Ես ընդգծում եմ՝ բնակչության պետական ռեգիստրը կա եւ շարունակում է մնալ պետության բացառիկ տվյալների շտեմարանը՝ բացառիկ հեղինակային իրավունքով։ Այսինքն՝ միայն տեխնիկական գործառույթներն են արտապատվիրակվում։ Պետությունն է՝ ի դեմս Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, այն լիազոր մարմինը, որը ուսումնասիրում է եւ օրինակ, օրենքի ուժով դիմումատուին ճանաչում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մասնավորին տալիս է կանաչ լույս, որ նրա անունով անձնագիր տպագրվի եւ տրամադրվի։ Կամ պետությունն է, որ տեսնում է, որ այդ դիմումատուն ունի հսկողություն, ենթադրենք՝ հետախուզման մեջ է կամ փակ է նրա ելքը, եւ արգելում է մասնավորին դիմումատուին տրամադրել ճամփորդական փաստաթուղթ։
- Ձեր նշած մեխանիզմները հրապարակված փաստաթղթերում ներառված են, մտահոգությունը ավելի շատ այն մասին է, թե ինչ երաշխիք պիտի ունենան ՀՀ քաղաքացիները, որ պայմանագրով ամրագրված անվտանգային միջոցառումները գործնականում ապահովվելու են։
- Կամ պետք է կարդան փաստաթղթերը եւ այն պայմանագիրը, որը ստորագրվելու է կամ վստահեն մեր խոսքերին։ Ուրիշ ի՞նչ երաշխիք կարող է տեսականում գոյություն ունենալ, գուցե մեզ հուշեք, մենք կարողանա՞նք ավելի վստահելի թվալ հանրության աչքում։ Այն փաստաթուղթը, որը ստորագրվելու է մասնավորի հետ, հրապարակված է, այն պահանջները, որով ստորագրվում է փաստաթուղթը, իմ նկարագրած մեխանիզմները՝ անգամ ավելի դետալիզացված, եւս հրապարակված են։ Կամ հանրությունը, փորձագետները, քաղաքացիական հասարակությունը, լրագրողները պետք է այսպես ուսումնասիրեն եւ մանրամասներ հրապարակեն կամ էլ պաշտոնական լրահոսին հետեւեն ու վստահեն։
- Խնդիրն այն է, որ պարբերաբար ականատես ենք լինում նման արտահոսքերի՝ սոցիալական ցանցերի մուտքային տվյալներից սկսած մինչեւ բանկային տվյալների կամ բջջային հեռախոսահամարների բազաներ։ Այս առումով ՆԳՆ վերահսկողությունը ինչպե՞ս է լինելու։
- Դուք հիմա նկարագրում եք ռիսկ, որը չի կառավարվում որեւէ օղակում որեւէ սուբյեկտի հետ գործ ունենալիս, երբ կա աշխատանք անձնական տվյալների հետ։ Այդ ռիսկը առկա է տելեկոմ ընկերություններում, առկա է բանկերում, ցանկացած խանութում, որտեղ դուք անուն-ազգանուն եք գրում, հեռախոսահամար տրամադրում։ Ամենամեծ ռիսկը անձի իրավական ինքնության գողացումն է, որը մենք ապահովագրում ենք աշխարհի ամենազարգացող տեխնոլոգիաներով, եւ հանրությունը ոչ թե մտահոգություն պետք է ունենա, որ տվյալների արտահոսքի վտանգ կա, այլ ճիշտ հակառակը, հանգիստ լինի, որ իրականացնում ենք տվյալների պաշտպանություն այսքան բարձր անվտանգային չափորոշիչներով։
- Այդ ռիսկը, այո, այլ ոլորտներում էլ կա, պարզապես այս դեպքում սրվում է այն առումով, որ այդ հասանելիությունը տրվում է արտասահմանյան կազմակերպություններին։
- Դրանք ոլորտի առաջատար եւ հեղինակավոր կազմակերպություններ են, որոնք տվյալների պաշտպանության իմաստով աշխարհում ներդնում են նորագույն լուծումներ։
Գլխավոր լուսանկարում՝ Նելլի Դավթյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)