Անցնող շաբաթվա ընթացքում միասնական պայքարի և համախմբվածության շնորհիվ Հայաստանում գործող բոլոր ֆան ակումբների ջանքերով իրականացված ակցիաների արդյունքում դադարեցվեցին ՀՊԼ 14-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Ակցիաների նպատակն էր ցույց տալ, որ ֆան ակումբների միասնական պայքարի արդյունքում ՀՖՖ-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներն ու խաղերը կարող են խաթարվել, ինչպես նաև այս ակցիաների միջոցով փորձեցինք ՀՊԼ բոլոր ակումբներին ցույց տալ, որ ֆուտբոլի խնդիրը բոլորինս է։
Ցավոք պիտի փաստենք, որ ՀՖՖ ղեկավարությունը դիմեց հին մեթոդներին և հանրային դժգոհությունների ու պահանջների մասով հետևություններ անելու փոխարեն տեքստեր ուղարկեց ակումբներին և ՀՖՖ հիմնադիր անդամ ՀԿ-ներին, որոնք էլ տառերի և կետադրական նշանների ճշտությամբ այդ տեքստերը տեղադրեցին իրենց մեդիա հարթակներում, գուցե շտապողականությունն ու ցայտնոտն էր պատճառը, որ այդ «անվերապահ աջակցության ցուցադրության հայտարարությունը» վերագրվեց անգամ ակումբների, որոնք նույնիսկ ծանոթ չէին տեքստին ու չէին «ստորագրել» դրա տակ, ապա մի քանի անգամ ջնջել և կրկին հրապարակելուց հետո ունեցանք աջակիցների վերջնական ցանկը։
Հիմնադիր ՀԿ-ներից որոշները մահակից կամ ՀՖՖ-ից ունեցած կախվածությունից ելնելով չխորշեցին ու խախտեցին «Արդար խաղի» կանոնները ոչ կոռեկտ ձևակերպումներ տալով իրենց մրցակից և հայկական ֆուտբոլում լուրջ կշիռ ունեցող ակումբների հասցեին։
Ակնհայտ է նաև, որ ՀՖՖ ղեկավարության կողմից պառակտման երանգ հաղորդելու և թշնամանք սերմանելու փորձ է արվում։ Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ այս շարժման նպատակը պառակտումն ու թշնամանք սերմանելը չէ, այլ բացառապես հայկական ֆուտբոլի առողջացումը։ Այս կապակցությամբ հայտարարում ենք, որ ցանկանում ենք հանդիպել այդ հայտարարության տակ ստորագրած ՀՊԼ ակումբների ղեկավարների կամ պատասխանատուների հետ, ունենք հարցեր վերոնշյալ հայտարարության տարբեր կետերի շուրջ` սկսած մանկապատանեկան ֆուտբոլից մինչև կանանց ֆուտբոլ և ֆուտզալ, ինչպես նաև քննարկելու ՀՖՖ-ից կախվածությունից դուրս գալու ուղիները։
Մեր՝ հանուն հայկանան ֆուտբոլի պայքարը շարունակվում է, մենք պատրաստ ենք ավելիին, մեր ֆուտբոլային և ֆանատական գործիքակազմն անսպառ է։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր ակումբներին, անհատներին և երկրպագուներին, որոնք կիսում են մեր մտահոգությունները և միանում մեր պայքարին։
Շարժման հետ կապ հաստատելու, հարցերի և առաջարկների դեպքում բոլոր շահագրգիռ կողմերի համար գործում է [email protected]էլեկտրոնային փոստի հասցեն։
comment.count (0)