ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարվում է անդամությունից։ Այս մասին տեղեկանում ենք Կարեն Շաբոյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։
Երեկ՝ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։
Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։
Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել», - նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել էին խաղադաշտ։
Ավելի վաղ պարզ դարձավ, որ 9 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Տեղի ունեցած քննադատել է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք երեկ երեկոյան ձերբակալվել են և գտնվում են անազատության մեջ։
comment.count (0)