1lurer.am: Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը 30-ից ավելի տարվա այս հակամարտության հետևանքով բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են: Կարծում եմ, որ այն քննարկումները, որոնք տեղի են ունենում, դրան են ուղղված: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սահմանադրության փոփոխության՝ Բաքվի կողմից առաջ քաշվող պահանջի մասին Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա մեզ համար լուծված հարց է. «Կարծում եմ՝ ՍԴ-ի որոշումը նաև հստակ ի ցույց դրեց, որ նման խնդիր ՀՀ-ի կողմից գոյություն չունի»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը բանակցում է Բաքվի հետ հարցը խաղաղության պայմանագրի նախապայման չդիտարկելու ուղղությամբ, ԱԺ նախագահն ասաց. «Բանակցում ենք: Իրենց սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց մենք այդ խնդիրը չենք բարձրացնում»:
Հարցին, թե արդյոք փոխվարչապետների մակարդակով ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներ կլինեն, նա ասսաց, որ փոքր, շատ փոքր քայլերով երկկողմ շարժվում են դեպի դրական արդյունք, և յուրաքանչյուր բան հնարավոր է:
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի մասին Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Սա երկկողմ հաղթանակ է: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է: Դրա իրագործումը թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի Հանրապետության անկախության և տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է, և մենք առաջ ենք շարժվելու, և ես լիահույս եմ դրական ընթացքի հետ կապված»:
Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացի շարունակությանը՝ ԱԺ նախագահն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է. գոյություն ունեն տարբեր փաստարկներ, հիմքեր, հարցեր, որոնք կարող են դեր խաղալ, թե ինչպես շարունակել՝ դեպի հարավ կամ Սյունիքից սկսել. մենք այդ մասով ունենք քննարկումներ: Երբ որ այդ քննարկումները արդեն պարզ կլինեն, արդեն լավ կլինի, ու 12 կմ, 50 կմ, 100 կմ՝ այդ վերարտադրումը մեր սահմանի, պետք է ասեմ՝ մեր պատմության մեջ կարևորագույն հարց է, որը լուծենք, շատ գոհ պետք է լինենք»:
comment.count (0)