civilnet.am: Խաղաղության պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնություն այս պահին չկա, հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Կան հարցեր, որոնք շարունակում են չհամաձայնեցված մնալ։ Բանակցությունները կողմերի միջև շարունակվելու են»,- նոյեմբերի 7-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանը։
Նա վստահեցնում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի հանդիսանում։
Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին պայմանավորվածություններ չկան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հնարավոր հանդիպման վերաբերյալ. «Բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որպեսզի հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել պայմանագրի տեքստի համաձայնեցումը»։
Նրա խոսքով՝ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասով դեռևս որոշում կայացված չէ։
Հոկտեմբերի 31-ին Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության գալ խաղաղության պայմանագրի «ևս մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»։
Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։
Ադրբեջանական կողմն օրերս կառավարամերձ շրջանակաների միջոցով արտահոսք էր կազմակերպել չհամաձայնեցված 3 կետերի վերաբերյալ։ Ըստ դրանց՝ առաջինը վերաբերում է տարածքային հավակնությունների բացառմանը։ Բաքուն բազմիցս պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Մյուս չհամաձայնեցված դրույթը միջազգային դատական ատյաններից հայցերի հետկանչման, երրորդը՝ սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառման մասին է։
comment.count (0)