Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է
 |azatutyun.am|
15:55 - 07 նոյեմբերի, 2024

Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել. Երևանն արձագանքում է |azatutyun.am|

azatutyun.am: Երևանը խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո հայտարարում է՝ մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, սակայն, չի մանրամասնում՝ Բաքվի հետ այդ որ հարցերի շուրջ չի հաջողվում համաձայնության հասնել:

«Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում տվյալ հարցերի շուրջ, և բնականաբար քննարկումները պաշտոնական Բաքվի հետ շարունակվելու են», - նշեց Կոստանյանը:

Խաղաղության համաձայնագրի վիճահարույց երեք կետերը X-ի իր էջում գաղտնազերծել է Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխության, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական և դիվանագիտական վեճերի» բացառման, վերջինն էլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայության մասին է:

Հայաստանի փոխարտգործնախարարն անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին՝ հայտարարեց՝ Սահմանադրությունը փոխելու պահանջ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա: Իսկ արդյոք մյուս երկու կետերը վերաբերո՞ւմ են իրավական վեճերի բացառմանը և սահմանին օտար ուժերի բացակայությանը:

«Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց՝ այո, ինչպես նշեցի կան չհամաձայնեցված կետեր և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները», - ասաց Վահան Կոստանյանը:

«Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրս բերումը, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ նա արձագանքեց. - «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել