armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է Հարավային Կովկասում կայունության խթանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո նշել է, որ խաղաղությունը հասանելի է և հնարավոր կլինի իրականացնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու միջոցով։
«Մեր ընդհանուր շահերից է բխում նպաստել Հարավային Կովկասի կայունությանը։ Ֆրանսիան լիովին աջակցում է Ձեր ջանքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները դյուրացնելու նպատակով»,- ասել է Մակրոնը։
Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի կայունությունը կարևոր է ԵՄ-Կենտրոնական Ասիա հարաբերությունների զարգացման համար։
«Ֆրանսիան լիովին աջակցում է նախաձեռնություններին՝ ուղղված ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության խթանմանը՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի միջոցով: Մեկը չպետք է տեղի ունենա առանց մյուսի»,- եզրափակել է Մակրոնը։
comment.count (0)