azatutyun.am: Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։
«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից», - ասաց փոխարտգործնախարարը՝ շարունակելով․ - «Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»:
«Ազատության» հարցին՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիների մի՞ խումբ է, Կոստանյանը պատասխանեց․ - «Այո»։
Մինչև նոյեմբերի 24-ը շարունակվող COP29-ին Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել։ Մամուլը գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնարավոր է Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չի համարել։
ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվեց 2023-ի դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
comment.count (0)