civilnet.am: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ վերջին երեք տարում Հայաստանում դպրոցների կառուցման և նորոգման ծավալները գերազանցում են նախորդ 25 տարվա ցուցանիշները։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է, որ կառավարության նոր ծրագրի շրջանակներում սկսվել են 223 դպրոցի շինարարական աշխատանքներ՝ դրանք համեմատելով 1991-2017թթ. կառուցված 192 դպրոցի հետ:
«1991-2017թթ. ընթացքում Հայաստանում 192 դպրոց է կառուցվել […] 2021-2024 թթ. մենք մեկնարկել ենք և ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ: […] Միայն 3 տարում ծավալն ահռելի է՝ ավելին, քան նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»,- ասել է Անդրեասյանը:
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Հայաստանում դպրոցաշինության տվյալները և պարզել, որ նախարարի պնդումը մոլորեցնող է:
ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն իր խոսքում համեմատել է անհամադրելի տվյալներ:
Խոսելով 1991-2017թթ. մասին՝ նա հիշատակել է միայն նոր կառուցված 192 դպրոցների թիվը, մինչդեռ 2021-2024թթ. ցուցանիշում ներառել է թե՛ կառուցվող, թե՛ հիմնանորոգվող և թե՛ ընթացիկ վերանորոգվող՝ ընդհանուր 223 դպրոցները:
Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ներկայում նախատեսված 223 դպրոցից 183-ում նոր շենքեր են կառուցվում, 17 դպրոցում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 23-ում կատարվում են ընթացիկ նորոգման աշխատանքներ։
Սակայն, ըստ կառավարության վերջին տվյալների, այս ծրագրի շրջանակում մինչ օրս ավարտին են հասցվել ընդամենը 35 դպրոցի շինարարական աշխատանքները, որոնցից 21-ը նոր կառուցված շենքեր են, իսկ մնացածը՝ հիմնանորոգված և վերանորոգված։
#CivilNetCheck-ի՝ ԿԳՄՍ նախարարությունից ստացած վիճակագրական տվյալների համաձայն՝ 1991-2017թթ. շահագործման է հանձնվել 283 դպրոց, որից 192-ը՝ նոր կառուցված շենքերում: Նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև 231 դպրոցի հիմնանորոգում և 477 դպրոցի ընթացիկ վերանորոգում:
Այսպիսով, նշված տարիներին ընդհանուր առմամբ իրականացվել է 991 դպրոցաշինական աշխատանք, սակայն նախարարն իր ելույթում հիշատակել է միայն նոր կառուցված 192 դպրոցների թիվը։
Ավելին՝ նախարարը համեմատության մեջ է դրել տարբեր բնույթի տվյալներ. եթե 1991-2017թթ. պարագայում խոսքը վերաբերում է արդեն իրականացված աշխատանքներին, ապա 2021-2024թթ. ցուցանիշները ներառում են նաև դեռևս չավարտված ծրագրերը:
Փաստացի, վերջին երեք տարիների ընթացքում կառուցվել է ընդամենը 21 նոր դպրոց՝ ի տարբերություն նախարարի հիշատակած «նախկին 25 տարվա ընթացքում» նոր կառուցված 192 դպրոցների:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)