Պետք է ստեղծել առողջապահական պետական հիմնադրամ, բայց ոչ` լրացուցիչ հարկատեսակ.Սուրեն Պարսյան |tert.am|
07:57 - 15 դեկտեմբերի, 2019

Պետք է ստեղծել առողջապահական պետական հիմնադրամ, բայց ոչ` լրացուցիչ հարկատեսակ.Սուրեն Պարսյան |tert.am|

tert.am:  Պետք է ստեղծել առողջապահական պետական հիմնադրամ, բայց ոչ լրացուցիչ հարկատեսակ առաջացնելու միջոցով: Այս մասին  ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` անդրադառնալով առաջարկվող առողջապահական հարկին:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և առաջարկվող հայեցակարգը: Միջազգային փորձը փաստում է, որ, ըստ էության, երկու համակարգ կա` մեկը պետական ամբողջական ֆինանսավորմամբ, մյուսը՝ ապահովագրությամբ. ներկայումս մեզ մոտ առաջին տարբերակն է, որը շատ անարդյունավետ է գործում, քանի որ բավարար ֆինանսավորում չի ստանում: Ցանկացած առողջապահական բարեփոխումներ իրականացնելիս պետք է առաջին հերթին գնահատենք առողջապահական ծառայությունների որակը, պետք է մշակվի առողջապահական ծառայությունների ստանդարտներ, որ դրան համապատասխան ստուգենք»,–ասաց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ առաջարկվող մոդելը բավականին տարածված մոդել է և դրա տարբեր տարատեսակները կան: Նա նկատեց, որ առաջարկվում է 4-6 տոկոսի չափով լրացուցիչ հարկ սահմանել, որը թույլ կտա առողջապահական պետական հիմնադրամ ստեղծել և հավաքել գումարները:


«Այս իրավիճակում առավել ճիշտ կլիներ, որ եկամտային հարկի համահերթացման քաղաքականությունը վերանայվեր: Այսինքն՝ պրոգրեսիվ եկամտային հարկի հաշվին հատկացումներ արվեր պետական ապահովագրական հիմնադրամին, այլ ոչ թե նոր հարկատեսակի մեջ ներառվեր։ Մենք շատ ենք կարևորում, որ այդ հիմնադրամի ծախսվող գումարներն ուղղվեն առաջին հերթին պետական բժշկական հաստատությունների հզորացմանը և զարգացմանը, ոչ թե առողջապահության ոլորտի օլիգարխներին, որոնք հիմա առիթից օգտվելով, ավելի են հարստանում և ավելի են հզորացնում իրենց առողջապահական ենթակառուցվածքները»,-ասաց նա:

Տնտեսագետը նկատեց, որ երբ պետական աշխատողների համար ներդրվեց առողջապահության ապահովագրության փաթեթներ, առիթից օգտվեցին մասնավոր ապահովագրական ընկերությունները։ «Սկզբնական հաշվարկներով այդ ապահովագրական ընկերությունների շահութաբերությունը պետք է կազմեր 10 տոկոս, սակայն համաձայն հաշվեքննիչ պալատի հաշվետվությունների՝ նրանց փաստացի շահութաբերությունը կազմեց 25 տոկոս: Այսինքն՝ այս ապահովագրական ընկերություններն ի հաշիվ պետական ֆինանսների կամ պետական ապահովագրության գերշահույթ են ստանում: Մենք պետք է այդ իրավիճակը կանխենք. ամբողջ գումարը պետք է մնա պետական հիմնադրամում, որն առաջարկում է այս հայեցակարգը»,-ասաց նա:

Սուրեն Պարսյան նշեց, որ գլոբալ առումով մենք պետք է ունենանք պետական առողջապահության ապահովագրություն, սակայն լրացուցիչ հարկատեսակ չպետք է ներառվի և շատ կարևոր է, որ այստեղ գործատուները ևս մասնակցեն և գործատուները իրենց հերթին կարող են իրենց աշխատողների համար լրացուցիչ գումարներ վճարել, որ առողջապահական լրացուցիչ փաթեթներ ստանան: Տնտեսագետը հիշեցրեց, որ 2023 թվականի պարտադիր կուտակային վճարները կդառնան 5 տոկոս, որը լրացուցիչ բեռ կդառնա մեր ազգաբնակչության վրա։

«Այս իրավիճակում պետք է հրաժարվենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, որը ռիսկային է, չկան պետական երաշխիքներ։ Վստահաբար մարդիկ կնախընտրեն այս գումարների հաշվին ստանալ առողջապահության ապահովագրություն»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը միաժամանակ կարևորեց այս հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական քննարկումների իրականացումը, ինչը, ըստ նրա, թույլ կտա արդյունավետ մոդել մշակել:

«Առողջապահության ոլորտում խնդիր կա. ներկայումս մարդիկ հիվանդանալիս մի քանի անգամ ավելի գումար են ծախսում, քան եթե ապահովագրություն ունենային, սակայն դրա համար պետք է մշակել համալիր համակարգ: Այս առողջապահության հայեցակարգը չի տեղավորվում կառավարության կողմից վարվող հարկային քաղաքականության, կենսաթոշակային քաղաքականության շրջանակում և սա խնդիրներ է ստեղծելու: Մի կողմից մարդկանց ասում են՝ մտածիր ինքդ քո մասին, մյուս կողմից առաջարկում են մտածել տատիկների, պապիկների մասին։ Բացի այդ, այս իշխանությունները մարդկանց խոստացել են ավելացնել տնօրինվող եկամուտը, սակայն հիմա նոր հարկատեսակ են ցանկանում ներդնել։ Հետևաբար, եթե ցանկանում ենք այս համակարգը բարեփոխել, պետք է նայենք բոլոր օղակները ինչպիսի կապի մեջ են, և ներդաշնակեցնել, հակառակ դեպքում այս համակարգը չի կայանա, կձախողվի։ Մենք պետք է հասնենք սերունդերի համերաշխության բոլոր ոլորտներում»,–ասաց նա։

Տնտեսագետը նկատեց, որ այս իշխանության տարբեր թևեր իրարամերժ դիրքորոշում ունեն այս հարցում, ինչն առավել կդժվարեցնի նման կարևոր բարեփոխումների իրականացման ընթացքը։

«Այնուամենայնիվ, ներկայումս մեր հետազոտական գրասենյակը ամբողջացնում է իր առաջարկությունների փաթեթը և շուտով կհրապարակենք խնդրի վերաբերյալ համապարփակ և ամբողջական վերլուծութունը»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել