ԵՄ խորհուրդը կքննարկի Ուկրաինան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները |armenpress.am|
13:09 - 18 նոյեմբերի, 2024

ԵՄ խորհուրդը կքննարկի Ուկրաինան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նոյեմբերի 18-ին Բրյուսելում պլանավորում է քննարկել իրավիճակը Ուկրաինայում, խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Վրաստանում, մերձավորարևելյան հակամարտությունը և կարծիքներ փոխանակել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ ապագա հարաբերությունների շուրջ: 

Այս մասին հաղորդում է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը:

Նիստը կնախագահի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ կարճ տեսազանգից հետո Խորհուրդը կքննարկի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների վերջին զարգացումները։ Խորհրդակցության մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Ուկրաինային հետագա աջակցությունը։ 

Օրակարգային հիմնական հարցերի թվում են վերջին իրադարձությունները Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Բրյուսելում հերթական անգամ կհիշեցնեն, որ վրացական ղեկավարության ներկայիս ուղեգիծը «սպառնալիքի տակ է դնում Վրաստանի եվրոպական ուղին և փաստացի դադարեցնում ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը»։

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումը կներառի թեմայի տարբեր ասպեկտներ։ Այդ թվում խոսք կլինի Գազայի հատվածում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կքննարկվի նաև ավելի լայն տարածաշրջանային իրադրությունը։

Արտգործնախարարների հանդիպման օրակարգի ավարտական կետը լինելու է կարծիքների փոխանակումը Աֆրիկայի եղջյուրում տիրող իրավիճակի շուրջ։ 

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 19-ին, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը նիստ կգումարի պաշտպանության նախարարների մակարդակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել