factor.am: Հաշվի առնելով Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները՝ Factor.am-ը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։
«Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։ Պապիկյանը եղել է նաև փոխվարչապետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո, իսկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին:
comment.count (0)