tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ խոսել է Հորդանանի թագավորի հետ՝ քննարկելով Գազայի հատվածից ավելի քան 1 մլն պաղեստինցիների հարևան երկրներ տեղափոխելու և այնտեղ նրանց համար բնակարաններ կառուցելու հնարավորությունը: Այս մասին գրում է CNN-ը:
Թրամփի խոսքով՝ ինքը Հորդանանի միապետ Աբդալլահ Երկրորդին՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջը, խնդրել է ընդունել ավելի շատ պաղեստինցիների:
«Ես ասացի նրան, որ կցանկանայի, որ ավելի շատ (պաղեստինցիների) ընդունեին, քանի որ ես հիմա նայում եմ ամբողջ Գազայի հատվածին, և այնտեղ խառնաշփոթ է, իսկական խառնաշփոթ», - ասել է Թրամփը լրագրողներին:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը կցանկանար, որ և՛ Հորդանանը, և՛ Եգիպտոսը, որը սահմանակից է անկլավին, ընդունեն պաղեստինցիներին: Նա հավելել է, որ կիրակի կխոսի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ այդ հարցի շուրջ:
«Խոսքը 1,5 միլիոն մարդու մասին է, և մենք պարզապես մաքրում ենք այդ ամբողջը... Ես չգիտեմ, ինչ-որ բան պետք է արվի. հիմա այնտեղ (Գազայի հատվածում) փլատակներ են: Գրեթե ամեն ինչ քանդված է, մարդիկ մահանում են: Ես կցանկանայի՝ արաբական որոշ պետություններում կառուցվեին բնակարաններ, որտեղ, կարծում եմ, պաղեստինցիները կարող էին խաղաղ ապրել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն ընդգծել է, որ հարևան երկրներում պաղեստինցրիների բնակեցումը «կարող է լինել ժամանակավոր կամ երկարաժամկետ»:
comment.count (0)