azatutyun.am: Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։
Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։
Ռուսական կողմը երեկ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները և հանդիպմանը նախատեսված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
comment.count (0)