Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում:
Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին:
Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճման համար:
comment.count (0)