armenpress.am: Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը քվեարկել է երկրում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օգտին։ Այդ մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երկրի սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնության պահանջը բավարար է ռազմական դրության ռեժիմը վերացնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորականները մտել են խորհրդարանական համալիրի տարածք և բախվել են մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել է փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ ընդհարվել է հետհամալիրի մուտքի մոտ։
Ըստ տեղեկությունների՝ զինվորականներին հաջողվել է մուտք գործել խորհրդարանի շենք, որի գտնվելու թաղամասում նկատվել են երեք ռազմական ուղղաթիռներ։ Զինվորականները շրջապատել են խորհրդարանական համալիրը՝ տեղադրելով արգելափակոցներ։ ԱԺ-ի շենք թույլատրում են մտնել միայն պատգամավորներին, անձնակազմի և հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Դեկտեմբերի 3-ին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ռազմական դրություն է հայտարարել՝ «հակակառավարական ակտիվության» դրսևորման հիմնավորմամբ։ Դրանով պայմանավորված երկրում արգելվել է խորհրդարանի, իշխանության տեղական մարմինների և քաղաքական կուսակցությունների գործունեությունը։
comment.count (0)