1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության քննարկման ելույթների ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության որոշ քննադատություններին:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման նպատակը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Պաշտոնյան հանձնաժողովում հայտարարագրում է՝ ինչ ունի՝ տուն, մեքենա, վարկ, և եթե ինչ-որ բան թաքցնի, հանձնաժողովը կբացահայտի, և պաշտոնյան պետք է բացատրի՝ որտեղից է գնել դա:
«Թվային առևտրի, շրջանառության մասով ի՞նչ ենք արել մենք, ասել ենք՝ 300 հազար դրամից ավելի ինչ առնես, պիտի առնես բանկային փոխանցումով կամ քարտի միջոցով. դա նշանակում է կանխիկ ապօրինի շրջանառության դեմն առնել: Ինչի՞ համար ենք արել. կոռուպցիայի կանխարգելման: Ի՞նչ էիք դուք անում. ասում էիք՝ էդ խեղճ մարդկանց ինչո՞ւ եք ասում, կարող է՝ քեշ փող ունեն, ինչո՞ւ եք սահմանափակում նրանց իրավունքը:
Ի՞նչ ենք արել մենք՝ ներմուծման-արտահանման արգելքների, ապօրինի մոնոպոլիաների դեմն առել ենք: Մարդիկ ինչ ուզում՝, ներմուծում-արտահանում են. դրա արդյունքում որոշ ապրանքների գինն իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը: Դրա մասին խոսեք»,- ասաց նա:
Հակոբ Արշակյանն անդրադարձավ ընդդիմության՝ Քաջարանի թունելի համար վարկ վերցնելու նախագծին կողմ չքվեարկելու որոշմանը՝ նկատելով, որ ընդդիմությունը դեմ է թունելի կառուցման ծրագրի համար վարկ վերցնելու նախագծին, որովհետև կարծում է՝ այն պետք է հումանիտար օգնությամբ իրականացնել:
«Ինչի՞ համար ենք այդ պարտքը վերցնում, վերցնում ենք, որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ, ուզում ենք՝ Հյուսիս-հարավը կառուցենք, ուզում ենք՝ ճանապարհները բացվեն, ուզում ենք՝ ապրանք շրջանառվի, ուզում ենք՝ կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, առավել ևս օգուտ քաղենք մենք, մեր տնտեսվարողները, աշխարհում չլինենք ինչ-որ փակ տեղ: Դրա համար ենք վերցնում: Չի կարելի դրա համար գնալ, հումանիտար օգնություն խնդրել:
Համահայկական հիմնադրամն այս տարի 15 մլն դոլար է հավաքել, բա ինչո՞ւ չի հավաքագրել 15 մլրդ դոլար. որովհետև մարդիկ դրան հումանիտար տեսանկյունից են նայում: Չի կարող պետությունը լինել հումանիտար օգնության կենտրոն, չի կարող նման բան լինել: Բայց դուք երևի ուզում եք՝ նման կերպ լինի, եթե վարկին կողմ չեք քվեարկում, ու ասում եք՝ համահայկական ծրագրերով արեք: Մենք դեմ ենք այդ մոտեցմանը»,- ասաց նա:
comment.count (0)