Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ
17:10 - 06 դեկտեմբերի, 2024

Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև երկկողմ փոխգործակցության հնարավորությունները՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով տարբեր ուղղություններով համագործակցությանը նոր խթան հաղորդելու պատրաստակամությունը։

Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարը մտքեր են փոխանակել ԵՄ ընդլայնման գործընթացների շուրջ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ձևավորման շուրջ քննարկումների ակտիվ դինամիկան, անդրադարձ է կատարվել դրա հիմնական, այդ թվում՝ քաղաքական ու անվտանգային, բնույթի բաղադրիչներին:

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցում գրանցված դրական առաջընթացին՝ նախարար Միրզոյանը շեշտել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։

Որպես խաղաղության օրակարգի արդյունավետ կյանքի կոչման կարևոր գրավական՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել