civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի որ կետերը չեն համաձայնեցվել Հայաստանի հետ։ Առաջինը վերաբերում է միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն, երկրորդը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելուն։
«Խաղաղության պայմանագրի հարցում մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել։ Այդ փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է 2-ը: Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ այն, ինչ ես լսեցի և զգացի, այն էր, որ այդ երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից»,- Россия Сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է նա։
Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը. «Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայտարարվում է Հայաստանի մաս։ Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դա պարզապես օբյեկտիվ պայման է»։
Ալիևի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումն անհամատեղելի են։ Ըստ նրա՝ Հայաստանին զինելու գործընթացը «ընթանում է յոթ մղոնանոց քայլերով». «Այն զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական մահաբեր սպառազինություն է: Այն գործնական վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար»։
«Չնայած Արևմուտքի սպառազինությունների մեծ մասը Հայաստանը ստանում է անվճար կամ վարկով, բայց նույնիսկ այդ դեպքում նրանք մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չեն դիմանա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի, 2023-ի սեպտեմբերի գործողության արդյունքները չպետք է մոռացվեն նրանց կողմից։ Նրանք նաև պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցությանը, եթե նրանք մեր դեմ հերթական սադրանք ծրագրեն, նրանց ոչ ոք չի օգնի այստեղ գետնի վրա»,- ասել է նա։
comment.count (0)