civilnet.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը 10 մլն գրավի դիմաց փոխարինվել է տնային կալանքով։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը։
Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է նրանում, որ 2023-ի հունիսի 19-ին իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է Գորիս քաղաքում գործող ավտոտեխսպասարկման կետ՝ մինչ այդ ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ հեռախոսային խոսակցության ընթացքում ծագած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով։
«Անվադողերի վաճառքով զբաղվող 46-ամյա անձի հետ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքով, խուլիգանական դրդումներով, նա վիճաբանություն է հրահրել ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Ապա իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից»,- հաղորդել էր ՔԿ-ն։
Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, նրա նկատմամբ հետախոզում էր հայտարարվել։ Խաչատրյանը հայտնաբերվել և կալանավորվել էր միայն նոյեմբերին։
comment.count (0)