armenpress.am: Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորված ցուցանիշի նկատմամբ 2024 թվականին 200 մլրդ դրամով ավելի ցածր կլինեն: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Բյուջեն կատարվել է ավելի փոքր տոկոսով, թեև նոմինալ առումով ավելի բարձր ցուցանիշներ ունենք: Սա պայմանավորված է մեր հարկային եկամուտների՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակով, որը 2024-ին կլինի մոտ 200 մլրդ-ով ավելի ցածր, քան պլանավորված էր»,-ասաց նախարարը:
Հովհաննիսյանի խոսքով այս առումով կառավարությունը փորձել է զսպել ծախսերի կատարումը, որ հավելյալ խնդիրներ չառաջանան:
«Այսինքն՝ ծախսերի թերակատարումը, որը մեծամասամբ ընթացիկ ծախսերի ուղղությամբ էր, պայմանավորված է նրանով, որ, եթե նախկինում մենք վերաբաշխումներ էինք իրականացնում և որոշակի միջոցներ ուղղում էինք այլ կարևոր գործողություններ իրականացնելուն, եկամուտների ցածր մակարդակի պատճառով այս գործողությունը թույլ չենք տվել իրականանա, որ մեր կայունության հետ կապված որևէ հարց չառաջանա: Ծախսերի թերակատարումը մասամբ նաև սրանով է պայմանավորված»,-ասաց Հովհաննիսյանը:
Որոշակի թերակատարում կա նաև դպրոցաշինության ծրագրի հետ կապված: Նախարարի խոսքով նախատեսված էր, որ դպրոցների կառուցման համար մրցույթում հաղթողներին պետք է տրվեին կանխավճարներ, սակայն շատ շինարարներ կանխավճար չեն ուզում, և դրանք չեն տրամադրվել:
Նրա վստահեցմամբ 2025-ին լինելու է դպրոցաշինության աննախադեպ ծավալ, ավելի քան 150 դպրոցի միաժամանակյա կառուցման գործընթաց է լինելու:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2024-ի հունվար-նոյեմբերին կազմել են 2 տրլն 268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6% ով կամ 199.2 մլրդ դրամով: ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3%-ով կամ 368.7 մլրդ դրամով: Սակայն ճշտված պլանի նկատմամբ ցուցանիշները նվազել են:
comment.count (0)