Հարավային Կորեայի խորհրդարան առաջարկ է ուղարկվել նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի վերաբերյալ |armenpress.am|
11:59 - 26 դեկտեմբերի, 2024

Հարավային Կորեայի խորհրդարան առաջարկ է ուղարկվել նախագահի պաշտոնակատարի իմփիչմենթի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեայի հիմնական ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը դեկտեմբերի 26-ին խորհրդարան է ներկայացրել նախագահի և վարչապետի պաշտոնակատար Հան Դոկ Սուի իմփիչմենթի նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Ըստ օրենքի՝ խորհրդարանից այժմ պահանջվում է իմփիչմենթի հարցի շուրջ քվեարկություն անցկացնել 24-ից 72 ժամվա ընթացքում: Դեմոկրատական ​​կուսակցությունը պլանավորում է այն կազմակերպել դեկտեմբերի 27-ին։

Կուսակցությունն այս քայլին է դիմել այն բանից հետո, երբ Հան Դոկ Սուն հրաժարվեց Սահմանադրական դատարանում նշանակել պակասող երեք դատավորներին մինչև կուսակցությունների միջև փոխզիջման ձեռքբերումը։ 

Yonhap-ը նշում է, որ ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանը դեկտեմբերի 26-ի առավոտյան կողմ է քվեարկել դատավորների պաշտոնում երեք առաջադրված թեկնածուների նշանակմանը։ Եթե նրանք նշանակվեն նախագահի պաշտոնակատարի կողմից, ապա կմիանան վեց այլ դատավորների, և Սահմանադրական դատարանը կկարողանա քննել իշխանությունից հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլի գործը։ Դատարանն առաջիկա ամիսներին պետք է որոշի, թե արդյոք ուժի մեջ թողնել նախագահի իմփիչմենթի վերաբերյալ խորհրդարանի որոշումը։ 

Եթե ​​դատարանն, այնուամենայնիվ, որոշի նախագահին հեռացնել իշխանությունից, ապա 60 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել։

Նախագահին իշխանությունից հեռացնելու պատճառը դարձել է քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար դեկտեմբերի 3-ին երկրում ռազմական դրություն մտցնելու նրա փորձը։ Այս որոշումն առաջացրել է երկրի բնակիչների վրդովմունքը, և խորհրդարանն արագ ու միաձայն քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Արդյունքում Յուն Սոկ Յոլը համաձայնել է չեղարկել իր կարգադրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել