Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը. ԵՄ դեսպանի շնորհավորական ուղերձը
13:05 - 01 հունվարի, 2025

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը. ԵՄ դեսպանի շնորհավորական ուղերձը

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորին ընդառաջ.

«Բարև ձեզ,

Հայաստանի սիրելի բարեկամներ,

Տարեմուտի շեմին ցանկանում եմ ջերմագին ողջույններ հղել ձեզ Եվրոպական միության անունից։

Ավարտվող տարին կարևոր ձեռքբերումների տարի է՝ էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունը։  

Մենք աջակցել ենք ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին բազմաթիվ ոլորտներում, որոնք անմիջականորեն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա՝ կրթություն, տրանսպորտ, ավիացիոն  անվտանգություն, միջուկային անվտանգություն, ոստիկանության և արդարադատության ոլորտների  բարեփոխումներ. մենք ներդրում ենք ունեցել էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի (մասնավորապես արևային վահանակների) և թափոնների կառավարման ոլորտներում։

Մենք աջակցել ենք զբոսաշրջությանը, տեղական համայնքների զարգացմանը, սոցիալական համահարթեցմանը, երիտասարդությանն ու մշակույթին։ Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։

Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանը մոբիլիզացրել է ավելի քան 600 մլն եվրո, ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրամադրելով նոր հնարաովրություններ փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանը, կին ձեռներեցներին։ Անցյալ ամիս մենք ստորագրեցինք 70 միլիոն եվրոյի նոր ֆինանսական փաթեթ Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ ֆինանստների հասանելիության հետագա բարելավման համար:

Բացի այդ, մենք հայտարարեցինք 270 մլն եվրո բյուջե նախատեսող Հայաստանի Դիմակայունության և աճի ծրագիրը՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունն ու այն Եվրոպային ավելի մերձեցնելու նպատակով։

Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերի շրջանակում մենք շարունակել ենք  ներգրավվել գործընկերների հետ, և Հայաստանում ԵՄ առաքելությունը  շարունակել է իրականացնել իր մանդատը՝ ապահովելով մարդկանց անվտանգությունն ու նպաստելով վստահության ամրապնդմանը։ Վերջերս այն իրականացրեց իր  4000-րդ պարեկությունը։

Եվ վերջապես, մենք գործարկել ենք Խաղաղության եվրոպական գործիքակազմը Հայաստանի համար, մեկնարկեցինք մուտքի արտոնագերի  ազատականացման շուրջ երկխոսությունը, որի նպատակն է առանց վիզայի ճամփորդելու հնարավորության ներդնումը՝ պայմանով, որ առկա լինեն լավ կառավարվող անվտանգային և շարժունակության պայմաններ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, Հայաստանի բոլոր շահառուներին  և իմ գործընկեր՝ ԵՄ երկրների դեսպաններին, գերազանց համագործակցության ու նվիրումի համար։ Ուզում եմ ընդգծել մեր անսասան հավատը Հայաստանի հսկայական ներուժի նկատմամբ։ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, որտեղ կան կայուն տնտեսական աճի, սոցիալական համահարթեցման և ժողովրդավարական զարգացման հնարավորություններ։ Մենք միավորված ենք մեր ընդհանուր արժեքներով և խաղաղության ու կանոնահեն միջազգային կարգի նկատմամբ մեր հավատով։ Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը։ Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է։

Թող Նոր Տարին ձեզ և ձեր ընտանիքներին բերի խաղաղություն, բարեկեցություն և թող այն ամրապնդի ձեր երազանքներին հետամուտ լինելու ձեր նվիրումը։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»,-ասված է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել