azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին, տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է նա։
Գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու:
Ալիևը նաև մի շարք հայտարարություններ է արել։ Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ նա նշել է, որ եթե այն Երևանին պետք չէ, Բաքվին էլ պետք չէ։
Երևանը բազմիցս է հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը։
Հայաստանը, վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ, մոտ 60 օր առաջ է Բաքվին փոխանցել խաղաղության պայմանագրի 2 չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ իր առաջարկները։ Պաշտոնապես մինչև այս պահը չի հայտարարվել, թե դրանց պատասխանը ստացվել է։
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են՝ խաղաղության 17 կետանոց համաձայնագրի նախագծում 2 չհամաձայնեցված հոդվածների շուրջ են բանակցում։
comment.count (0)