Ադրբեջանը դեռևս չի մտածում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
 |factor.am|
16:57 - 08 հունվարի, 2025

Ադրբեջանը դեռևս չի մտածում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը, որը գրեթե մեկ տարի հարկադրված դադարեցնել է գործունեությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, մտադիր չէ վերականգնել հարաբերություններն այդ կառույցի հետ «ներկայիս պայմաններում»։ Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեիդովը։

Նա կառույցին մեղադրել է «դեռևս Ադրբեջանի նկատմամբ օբյեկտիվությունից հեռու դիրքորոշում ցուցաբերելու մեջ»։

«Երբ նայում ենք ​​հանձնաժողովի նիստի օրակարգին, տեսնում ենք, որ երբ Ադրբեջանը չկա, նորից հնչում են մեղադրանքներ, զրպարտություններ, անհավանական հայտարարություններ։ Մենք կոնկրետ ասել ենք, որ պետք է հրաժարվեն այս քաղաքականությունից»,- ասել է Սեիդովը՝ հավելելով, որ դա «նորմալ երկխոսության և հաղորդակցության» կարևոր պայմաններից մեկն է։

ԵԽԽՎ-ի նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նստաշրջաններում քննարկումներ են ծավալվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և իրավապաշտպանների, ինչպիսիք են Ռուֆաթ Սաֆարովի և Անար Մամեդլիի ձերբակալությունների, ինչպես նաև անկախ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումների վերաբերյալ։ Սեիդովը կարծում է, թե ներքին «ճգնաժամի» մեջ գտնվող ինստիտուտը չի կարող որևէ հայտարարություն անել Ադրբեջանի կամ այլ երկրի վերաբերյալ։

«Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը COP29-ի ժամանակ Ադրբեջանում էր, նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց նրան, խոսվել է մեր հարաբերությունների, բանակցությունների, փոխադարձ կոնկրետ նախագծերի մասին։ Սակայն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունում է հայտարարություններ, կազմակերպում է քննարկումներ և մեղադրում Ադրբեջանին՝ ամբողջությամբ հակառակ այս մթնոլորտին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։

Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել է, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել