hetq.am: Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի։
«Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,- նշում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիմնավորման մեջ:
Ըստ նախարարի՝ կնքվելիք համաձայնագիրը իրավական շրջանակ կապահովի առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման համար։
Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ՝ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման ծրագրի համար։ Նաև ՝մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։
Բացի այդ՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40 մլն եվրո արտոնյալ վարկ վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացման հաջորդ փուլի ծրագրի համար։ Ինչպես նաև՝ 1 մլն եվրո դրամաշնորհ՝ նշված ծրագրի իրականացման և խորհրդատվության միջոցառումների համար։
Այս վերջին կետը կարող է հնարավորություն լինել ոչ թե հենց մեր պետության, այլ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների համար։
Ըստ հիմնավորման՝ Վերականգնման վարկերի բանկն ազատվում է հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծում նշված ծրագրերի կամ պայմանագրերի կնքման և իրականացման հետ։
comment.count (0)