azatutyun.am: Վաշինգտոնը պատրաստվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այն տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին Երևանի ժամանակով ժամը 21-ին։
ԱՄՆ 45-րդ նախագահը երկրորդ անգամ կստանձնի այս պաշտոնը՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփն արդեն ժամանել է Վաշինգտոն։ Կիրակի օրը նա նախաճաշել է հանրապետական սենատորների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։ Արարողությանը ներկա են եղել նրա ընտանիքի անդամները, նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և վարչակազմի ապագա ապագա անդամներ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ սաստիկ ցրտերի պատճառով իր երդմնակալության արարողությունը տեղի կունենա Կապիտոլիումի շենքում։ Երկուշաբթի օրվա համար կանխատեսվում է մինչև -7 աստիճան ցուրտ և սաստիկ քամիներ։ 40 տարի առաջ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության արարողությունը ևս անցկացվել է փակ տարածքում՝ սաստիկ ցրտերի պատճառով։
Թրամփն ասել է, որ իր աջակիցները կարող են հանդիսավոր արարողությանը հետևել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital One Arena մարզահամալիրի էկրաններից։ Համալիրը շուրջ 20 հազար մարդ է տեղավորում։
Նախօրեին Capital One Arena-ում իր երկրպագուների, համախոհների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կոշտ սահմանափակումներ կկիրառնի ներգաղթի ուղղությամբ։
«Մինչ վաղն արևը մայր մտնի, մեր երկիր ներխուժումը կդադարի», - հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը՝վերահաստատելով իր նախընտրական խոստումը՝ սկսել ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ արտաքսումը։
comment.count (0)