Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին
22:28 - 23 հունվարի, 2025

Գիտության ու կրթության զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Նիկոլ Փաշինյանը՝ Արտեմ Փաթափությանին

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։

Վարչապետը նշել է, որ կարևոր է մեր հայրենակիցների ներուժի ներգրավումը գիտության զարգացման գործում և հավելել, որ Կառավարությունը շարունակաբար ավելացնում է գիտության ոլորտի ֆինանսավորումը՝ խթանելու նորարարական գաղափարների և ծրագրերի իրականացումը։

Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել