Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը. Մամիկոն Ասլանյան
 |news.am|
15:46 - 29 հունվարի, 2025

Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը. Մամիկոն Ասլանյան |news.am|

news.am: Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր հետո, երբ որ մենք ընդհանուր հայտարարել չենք եկել, այսինքն, այսպես ասած, ես լեզու չեմ գտել իշխանությունների հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Վանաձորի նախկին քաղաքապետը։ Մամիկոն Ասլանյանը, որին քիչ առաջ դատարանը դատապարտեց 4 տարի 4 ամիս ազատազրկման, 2 տարի 7 ամիսն արդեն անցկացրել է անազատության մեջ:

«Ինձ ասում էին՝ դե լեզու գտնեիր: Լեզու գտնելու խնդիրը չկա այստեղ, այստեղ ուղղակի օրենքի ուժը օգտագործվում է չար նպատակով: Ուղղակի ես խղճում եմ այն մարդկանց, որոնք այդքան անսահմանափակ ուժ, հնարավորություններ ունեն և դա օգտագործում են չար նպատակներով:

Հաճախ դատարկագլուխներ կան, որոնք իրենք չհասկանալով մարդկանց իրենց նկատմամբ ուղղակի չարացնում են, հետո դրա անունը, թե ինչ են դնում, դա արդեն իրենց գործն է: Իմ մեջ այդ չարությունը իրենք չեն կարող սերմանել, ես իմ ողջ գիտակցական կյանքը ապրել եմ ուղիղ հայացքով, ուղիղ քայլվածքով: Որևէ մեկից հայացքս փախցրած չկամ՝ ոչ ժողովրդից, ոչ բարձր ու ցածր չինովնիկից: Հետևաբար ես նույն ձևի եմ ապրելու, որտեղ էլ որ ապրեմ, ես նույն գաղափարներն ու սկզբունքներն եմ կրելու, ես իմ քաղաքի համար եմ առաջադրվել, ոչ թե նստելու կամ բանտում հայտնվելու համար: Ինքնանպատակ չի եղել ոչ իմ առաջադրումը, ոչ իմ հաղթանակը: Ես միշտ մնալու եմ հաղթած, այսպես թե այնպես, ինչ էլ անեն, իմ այդ գաղափարաբանությունը երբեք չի փոխվելու: Ես բանտ էլ եմ տեսել, զրկանք էլ, անապահովություն էլ, հետևաբար ինձ որևէ մեկը չի կարող որևէ լավ կամ վատ բանով զարմացնել, ու հետևաբար ես ապրում եմ այնպես, ինչպես հարմար եմ գտնում, ինչպես իմ ապրելը, իմ գործունեությունը չի խաթարում այլ մարդկանց իրավունքները»,-ասաց Ասլանյանը:

Անդրադառնալով նրան, որ իրեն դատարանը նաեւ 3 տարի զրկեց պաշտոն զբաղեցնելու իրավունքից, Մամիկոն Ասլանյանն ասաց. «Այս մարդկանց հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների ապականումն ու պղծումն է, երբ իմ քաղաքի բնակիչը տեսնում է, որ իր կողմից ինձ հատկացված քվեն նպատակին չի ծառայում։ Հիմնական նպատակն է, որ կարողանան ինչ-որ պարարտ հող ստեղծեն հետագա այլ պրոցեսների համար, բայց ես չլինեմ ուրիշն է լինելու, ինձանից  հետո այլ մարդ է լինելու: Ճիշտը նույնիսկ հողի մեջ ես թաղում, ինքը միշտ այդ ծիլերը տալու է, ես էլ ինչքանով որ ուժ ունեմ, ուժ չունեմ, իմ պայքարը ոչ, ոչ մի անգամ պաշտոնի համար չի եղել: Ես որ ուզեի, այսպես ասած, կարող էի այդ հարմարվողականության մթնոլորտում էլ լինել»:

Վանաձորի նախկին քաղաքապետը նկատեց, որ իրեն հիմա թույլ չեն տալիս զբաղեցնել Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, թեեւ ինքը հաղթել է ընտրություններում. «Պետական ողջ մեքենան, ուժային կառույցները լծված են այդ գործին՝ ճնշման գործիքներ կիրառելով, որպեսզի ես չստանձնեմ:

Բայց ինձ համար ցավ է այն, որ այդքան այս մեծ մարտահրավերների ու խնդիրների մեջ այս մարդկանց թիրախները իմ նման այս երկրին ազնվորեն ու առանց տրտնջալու ծառայած մարդիկ են: Հայաստանում չկա մի մարդ, ումից ես իմ արարքի համար ամաչեմ, վատ զգամ, կամ ինչ-որ օրենքի առաջ այնպիսի գործողություններ արած լինեմ, որ մտածեմ, որ ինձ կարելի էր դատապարտել:Եթե այս մարդկանց մտածելակերպը դա է, ուշ թե շուտ այդ էֆեկտը դառնալու է դեֆեկտ:

Ինձանով չի սկսվում այդ աշխարհը, ինձանով չի ավարտվել, իմ քաղաքացիներն ինձ տվել են դրոշը, ես ոչ մեկից ոչ խլել եմ, ոչ գողացել եմ, ոչ պաշտոն եմ ունեցել ընտրվելիս, ոչ ֆինանսական ու տնտեսական կարողություններ, բայց փաստորեն այս մարդկանց պայքարը ոչ թե անօրինականության, կոռուպցիայի և այլնի դեմ է, այլ իմ նման մարդկանց մեկուսացնելու, իմ ընտանիքին, իմ հարազատներին զրկանքներ պատճառելու: Այդպես չի կարելի կարծեմ»,-ասաց նա:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ելքերը որո՞նք են, Ասլանյանը պատասխանեց. «Ամեն մարդ, ամեն խումբ, ինչ փնտրում է, այն էլ գտնում է։ Հետևաբար կլինեն ելքեր: Ես տեսնում եմ, որ ռադիկալ փոփոխություններ են պետք մեր երկրում, ես հասկանում եմ, որ այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ դատական իրավական համակարգ, այնտեղ չի կարող լինի օրինականություն, իրավակարգ և որևէ քաղաքացի, օտարերկրյա ներդրող այստեղ իրեն ապահով զգալ չի կարող:

Ասում են՝ ընտրությունները չենք կեղծում, բայց ընտրության արդյունքները չեն թողնում, որ դառնա իրողություն: Այնպիսի խոչընդոտներ են դրած, որ այսօր ՀՀ-ի ՏԻՄ-երի գրեթե 30-40-50%-ում դա իրացված չէ, այսինքն սահմանադրական կարգը տապալված է: Սահմանադրությամբ ամրագրված տիմ օրենսդրությունը համայնքներում չի գործում, վերցնում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակում, բյուջեներ են տնօրինում, որոնց իրավունքը իրավունք չունեն»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել