Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ պարզեցված ընթացակարգեր. Միրզոյանը՝ Բոճորիշվիլիին
 |civilnet.am|
11:36 - 30 հունվարի, 2025

Ապաշրջափակման դեպքում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ պարզեցված ընթացակարգեր. Միրզոյանը՝ Բոճորիշվիլիին |civilnet.am|

civilnet.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին Երևանում ընդունել է Վրաստանի իր պաշտոնակից Մակա Բոճորիշվիլիին։ Երկու երկների նախարարներն առանձնազրույցից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

Արարատ Մրզոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Հայաստանն աջակցում է ապաշրջափակման գաղափարին և ընդգծել, որ ՀՀ-ն բավականին կառուցողական առաջարկներ է արել Ադրբեջանին և ակնկալում է Ադրբեջանի դրական վերաբերմունքն այդ հարցին։

«Մենք վստահ ենք, որ այն պայմաններով և ձևով, որով մենք տեսնում ենք այդ ապաշրջափակումը, իրականում այն մեծ տնտեսական և ոչ միայն օգուտներ կբերի տարածաշրջանին, Հարավային Կովկասին, Ադրբեջանին, նաև Վրաստանին»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանի մոտեցումներն արտացոլված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

«Այնտեղ հիմնարար սկզբունքներ կան՝ երկրների տարածքային ամբողջականություն, երկրների սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը՝ յուրաքանչյուրի համար։ Բնականաբար, հասկանալով, որ 21-րդ դարը պարզեցումների, լոգիստիկ անցումների դար է, բոլորը բոլորի հետ փորձում են հասնել պարզեցումների, մենք ևս Ադրբեջանի հետ, եթե և երբ ապաշրջափակվենք, տեսնում ենք որոշակի պարզեցված ընթացակարգեր, որոնք կարող են կիրառվել և դրանից կրկին և մենք, և Ադրբեջանը կարող ենք շահել»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը՝ Միրզոյանը նշել է, որ դեռ վաղ է ձեռքբերումներից խոսել։

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիը ստորագրվել է 2024 թվականի հունվարի 26-ին։

Վրաստանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ այն հարաբերությունները, գործընկերությունը, որ Հայաստանն ու Վրաստանն ունեցել են դարեր շարունակ և խորացնում են այսօր և դեպի ապագան են տանում, այժմ հաստատվել է ռազմավարական գործընկերության հռչակագրում։

«Եվ մենք ուրախ ենք, որ ունենք ռազմավարական գործընկերություն։ Սա ունի մեծ ներուժ՝ ընդլայնելու է՛լ ավելի մեծ բովանդակություն։ Մենք կխթանենք մեր գործընկերությունը, որպեսզի մեր տարածաշրանն ու մեր երկկողմանի շահերը ներկայացնենք միջազգային հանրությանը։

Առկա համագործակցությունը, որ մենք ունենք, հիմնաքարային հենքի վրա է դրված, մենք միտված ենք ավելի բարձրացնելու մեր ռազմավարական գործընկերության մակարդակը»,-հավելել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել