USAID-ի կառավարումը ստանձնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը․ Մարկո Ռուբիո |hy.armradio.am|
09:44 - 04 փետրվարի, 2025

USAID-ի կառավարումը ստանձնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը․ Մարկո Ռուբիո |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ինքն է դարձել USAID-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, քանի որ մարդասիրական գործակալությունը ստանձնել է Պետդեպարտամենտը։

Երկուշաբթի օրենսդիրներին ուղղված նամակում Ռուբիոն տեղեկացրել է, որ ադմինիստրատորի պաշտոնակատարի լիազորությունները փոխանցել է Փիթ Մարոկկոյին, որը աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ում Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում, և որին օգնության կազմակերպությունները և պաշտոնյաները մեղադրել են կազմակերպությունը դիտավորյալ կազմալուծելու մեջ։

Մարոկկոն, որը նաև ծառայում է որպես Պետքարտուղարության արտաքին աջակցության ղեկավար, հրահանգ է մշակել գրեթե ողջ արտաքին օգնությունը սառեցնելու մասին:

Ինչպես հայտնում է CNN-ը, Մարոկկոն «գիտի, թե ինչպես է աշխատում համակարգը և ապամոնտաժում է այն»։

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, հայտարարել էր, որ նախագահ Թրամփը ստորագրել է գործակալությունը փակելու մասին հրաման:

Դեմոկրատների պնդմամբ՝ անօրինական է դաշնային գործակալության փակումն առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու:

Երկուշաբթի օրը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և հատկացումների հարցերով հանձնաժողովների ղեկավարներին ուղղված նամակում Ռուբիոն ասել է, որ լիազորել է Մարոկկոյին «սկսելու ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերանայման և հնարավոր վերակազմակերպման գործընթացը՝ առավելագույնի հասցնելու արդյունավետությունը և գործողությունները ազգային շահերին համապատասխանեցնելու համար»:

Էլ Սալվադորում Ռուբիոն հայտարարել է, որ «USAID-ի գործառույթները» պետք է համապատասխանեն ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, և որ այն «անպատասխանատու գործակալություն է»:

Ռուբիոյին հարցրել են այն փաստարկների մասին, որ USAID-ի աշխատանքը կենսական նշանակություն ունի ազգային անվտանգության և ԱՄՆ շահերը խթանելու համար:

«Կան բաներ, որոնք արվում է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով, որոնք մենք շարունակելու ենք անել»,- ասել է նա:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգալի փոփոխություններ է կատարել ԱՄՆ ՄԶԳ գործակալության մեջ, որը պատասխանատու է արտասահմանում մարդասիրական օգնություն տրամադրելու համար, ինչը ստիպել է օգնության կազմակերպություններին մտահոգվել այն հարցով, թե արդյոք նրանք կարող են շարունակել այնպիսի ծրագրեր, ինչպիսին է սննդային օգնությունը թերսնված նորածինների և երեխաների համար:

ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին սառը պատերազմի տարիներին ստեղծել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը հայտնի էր որպես USAID: Դրանից հետո տասնամյակների ընթացքում հանրապետականներն ու դեմոկրատները պայքարել են գործակալության և դրա ֆինանսավորման համար։

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռ հունվարի 24-ին էր որոշել սառեցնել ԱՄՆ-ի գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք երկրի արտաքին քաղաքական նպատակներին համապատասխանեցնելու Թրամփի ջանքերի շրջանակում: Սպիտակ տան ղեկավարի այդ հրամանը պահանջում է 90 օրով դադարեցնել ԱՄՆ-ի արտաքին օժանդակությունը՝ դրա արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու» նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել