Պանամայի ջրանցքը վերահսկող գործակալությունը հերքել է Պետդեպի պնդումը, որ ԱՄՆ նավերն անվճար են անցնելու ջրանցքով |tert.am|
11:11 - 06 փետրվարի, 2025

Պանամայի ջրանցքը վերահսկող գործակալությունը հերքել է Պետդեպի պնդումը, որ ԱՄՆ նավերն անվճար են անցնելու ջրանցքով |tert.am|

tert.am: Պանամայի ջրանցքը վերահսկող գործակալությունը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի այն պնդումը, որ ԱՄՆ կառավարական նավերը կկարողանան առանց վճարների անցնել ջրանցքը, գրում է Reuters-ը:

Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Պանամայի իշխանությունները չեղարկել են Պանամայի ջրանցքով ԱՄՆ-ին պատկանող նավերի անցման վճարները՝ ընդգծելով, որ սրա շնորհիվ ԱՄՆ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ կխնայի:

Ջրանցքը վերահսկող ինքնավար գործակալությունը, որն իր հերթին վերահսկում է Պանամայի կառավարությունը, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որևէ փոփոխություն չի կատարվել ջրանցքով անցնելու համար վճարների գանձման և իրավունքների հարցերում՝ հավելելով, որ իր հայտարարությունն ուղիղ պատասխան է ԱՄՆ-ի պնդումներին:

Հունվարի 20-ին իր երդմնակալության խոսքում Դոնալդ Թրամփը Պանամայի իշխանություններից պահանջել էր նվազեցնել տարանցիկ վճարները Պանամայի ջրանցքով ամերիկյան ռազմական և առևտրային նավերի անցման համար։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, Պանաման ստիպված կլինի ջրանցքը վերադարձնել ԱՄՆ-ին։ Նա նաև բողոքել էր, որ Պանաման «խախտել է» չեզոք մնալու խոստումը` պնդելով, որ «Չինաստանը շահագործում է Պանամայի ջրանցքը»: Երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն ասել էր, որ զիջումների չի գնա Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի անցման համար վճարների նվազեցման հարցում։

Փետրվարի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել էր Պանամա, որտեղ հանդիպել էր Պանամայի նախագահ Ռաուլ Մուլինոյի հետ։ Բանակցությունների արդյունքում Պանաման հրաժարվել էր երկարաձգել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի հետ փոխըմբռնման հուշագիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել