factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 300-ից պակաս աշխատակիցների պահել` գործակալության ավելի քան 10,000 աշխատակիցներից։ Այս մասին Reuters-ին հայտնել են չորս աղբյուրներ:
Ըստ նրանց՝ գործակալության միայն 294 աշխատակիցների կթույլատրվի պահպանել աշխատանքը, այդ թվում՝ միայն 12-ին` Աֆրիկայի բյուրոյում և 8-ին՝ Ասիայի բյուրոյում: «Սա վրդովվեցնող է։ Շատ մարդիկ չեն գոյատևի»,- ասել է ավելի քան վեց տարի USAID-ն ղեկավարած Բրայան Էթվուդը՝ հավելելով, որ զանգվածային կրճատումները փաստացիորեն կկործանեն գործակալությանը, որն օգնել է փրկել տասնյակ միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում: ԱՄՆ Պետքարտուղարությունը չի պատասխանել գործակալության մեկնաբանության խնդրանքին։
Երեքշաբթի ամերիկյան վարչակազմը հայտարարել էր, որ աշխատանքից կազատի ԱՄՆ ՄԶԳ-ի ուղղակիորեն վարձված աշխատակիցներին ամբողջ աշխարհում և հետ կկանչի արտերկրում ծառայող հազարավոր աշխատակիցների:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ սրա նպատակն է USAID-ը միավորել Պետքարտուղարության հետ՝ Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ, որին Թրամփը նշանակել է USAID-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյո՞ք կհաջողվի այս միավորումը, եթե Կոնգրեսը չքվեարկի դրա օգտին, քանի որ USAID-ը ստեղծվել և ֆինանսավորվում է օրենքներով, որոնք մնում են ուժի մեջ։ Համաձայն Կոնգրեսի Հետազոտական ծառայության (CRS)՝ գործակալությունում աշխատել է ավելի քան 10,000 մարդ ամբողջ աշխարհում, որոնց երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս է:
Ֆինանսական վերջին տարում՝ 2023 թվականին, որի համար առկա են ամբողջական տվյալներ, գործակալությունը տնօրինել է ավելի քան 40 միլիարդ դոլար:
Հինգշաբթի գործակալության զարգացումներին ծանոթ աղբյուրներն ասել են, որ որոշ աշխատողներ սկսել են աշխատանքից ազատվելու ծանուցումներ ստանալ: USAID-ի կայքում ասվում է, որ փետրվարի 7-ի կեսգիշերից «գործակալության ուղղակի վարձված անձնակազմը գլոբալ մասշտաբով կտեղափոխվի վարչական արձակուրդի՝ բացառությամբ այն անձնակազմի, որը պատասխանատու է կարևոր գործառույթների, հիմնական ղեկավարության և հատուկ նշանակված ծրագրերի համար»:
Հիմնական անձնակազմը, որն ակնկալվում է, որ կշարունակի աշխատանքը, կտեղեկացվի հինգշաբթի երեկոյան տեղի ժամանակով ժամը 3-ին։ Գործակալությունը 2023 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 130 երկրների, որոնցից շատերը ավերվել են հակամարտությունից։ Ըստ CRS-ի զեկույցի՝ առաջատարն Ուկրաինան է, որին հաջորդում են Եթովպիան, Հորդանանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Սոմալին, Եմենը և Աֆղանստանը:
comment.count (0)