Ալեն Սիմոնյանը «քիչ հավանական» է համարում Հայաստանի կողմից Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հնարավորությունը: Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ ներկայումս ընդհատված և սառեցված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը ու միաժամանակ կոչ արել «կողմերին՝ նախ և առաջ հայ ընկերներին վերադառնալու աշխատանքներին այս խմբի շրջանակում»:
Ալեն Սիմոնյանի խոսքով յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում են և պատրաստ են քննարկել, բայց «անցած փորձը շատ վատ հուշեր է թողել»:
«Եվ վերջիվերջո մենք շատ չլուծված հարցերի պատասխաններ [չունենք]: Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում, թե՛ Հայաստան-ՌԴ հարաբերությունների»,- ասել է նա:
Հարցին, թե ինչ են ակնկալում ՌԴ-ից այս առումով, նա պատասխանել է, որ Ռուսաստանն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք. «Ի պատասխան հնչեց՝ դե ձեր սահմանը դելիմիտացված չէ, դե պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ են քընդհանրապես պայմանագիր կնքել: Այսինքն՝ ուղղակի ինչ-որ պատճառաբանություն գտնվեց: Հիմա գալ ասել՝ «մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ», մի քիչ ընդունում եք չէ, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ»:
Ապա Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների տեղակայման ու գործառույթների մասին՝ հարց ուղղելով, թե որտեղ են այժմ ռուս խաղաղապահները: Այս համատեքստում այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ Ադնրբեջանի կազմում ճանաչելուց հետո էլ ինչ են սպասում ռուս խաղաղապահներից, Սիմոնյանն արձագանքել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու «առաջին պիոները» եղել է ՌԴ նախագահը:
«ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելը ուղղակի խուսափողական գործելաոճը: Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսում շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, թե ոնց իրենք մեզ մենակ թողեցին»,- նշել է նա:
comment.count (0)