Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ |armenpress.am|
15:17 - 14 փետրվարի, 2025

Երևանում ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը պարզվել է. մանրամասներ |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը պարզել է փետրվարի 14-ին ավտոբուսների վարորդների հետ վիճաբանած երիտասարդներից երկուսի ինքնությունը: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, մանրամասնելով, որ ձեռնարկվում են միջոցներ՝ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ փետրվարի 14-ին, Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում հաղորդում տված «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը հայտնել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 7:40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում, ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի են բռնվել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։ 

Հաղորդում է ներկայացրել նաեւ «Երևան ավտոբուս» ընկերության մեկ այլ վարորդ: Ըստ երկրորդ վարորդի՝ նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը՝ միջամտել է, և այդ ընթացքում ինքը նույնպես երիտասարդների հարվածների հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։ 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել