Կիպրոսի նախագահը կնախատեսի այցելություն Երևան
15:01 - 15 փետրվարի, 2025

Կիպրոսի նախագահը կնախատեսի այցելություն Երևան

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության (նստավայրը ` Աթենք) արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Կիպրոսի հետ ակտիվ երկխոսության, ինչպես նաև Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի անվերապահ աջակցության համար: Դեսպանը ներկայացրել է ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը ընթացք տալու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որին Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ Հավանության է արձագանքել:

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները և եվրոպական մոդելի երկիր կառուցելու հետևողականությունը և վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նա նշել է, որ Կիպրոսը 2026 թ․ առաջին կեսին նախագահելու է ԵՄ խորհրդում:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կիպրոսի նախագահը հիշատակել է 2015թ. ԱԳ նախարարի կարգավիճակով Հայաստան իր այցը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով և նշել, որ երկկողմ հարաբերությունների առաջ մղման նպատակով առաջիկայում կնախատեսի այցելություն Երևան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել