factor.am: Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային հատվածը, էներգետիկան և հումանիտար հարցերը։
Դիտարկվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում բնապահպանական իրավիճակի բարելավման, ծովի աղտոտման և ծանծաղացման կանխարգելման, ինչպես նաև Կասպից ծովի ավազանում համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։ Ադրբեջանի վարչապետը Թեհրան է՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի վարչապետների հետ միասին մասնակցելու Կասպիական երրորդ տնտեսական համաժողովին։
comment.count (0)